Մատչելիության հղումներ

Պրահայում տեղի է ունեցել էներգակիրների թանկացման դեմ բողոքի ցույց


Չեխիա - Բողոքի ցույցը Պրահայի Վացլավի հրապարակում, 28-ը սեպտեմբերի, 2022թ.
Չեխիա - Բողոքի ցույցը Պրահայի Վացլավի հրապարակում, 28-ը սեպտեմբերի, 2022թ.

Չեխիայի մայրաքաղաք Պրահայի կենտրոնում՝ Վացլավի հրապարակում, երեկ տեղի է ունեցել էներգակիրների թանկացման դեմ բողոքի ցույց: Ըստ Չեխիայի ոստիկանության, ակցիային մասնակցել է շուրջ 10 հազար մարդ:

Ցուցարարները հայտարարել են, որ էներգակիրների սակագների դրամատիկ աճը ծանր հարված է հասցրել ընտանիքներին: Ցուցարարների փոխանցմամբ, Ուկրաինայի պատերազմի կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետևանքով գազի և էլեկտրականության գներն աներևակայելի արագությամբ են աճել:

Ցույցը կազմակերպել է «Նախևառաջ Չեխիայի Հանրապետությունը» անվամբ խումբը, որը պահանջում է կառավարության հրաժարականը, պնդելով, թե գործադիրը չի կարողանում կարգավորել ճգնաժամը:

Խումբը նաև պահանջում է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններով նվազեցնել գազի գները: Բացի այդ, խումբը պնդում է, որ Չեխիան պետք է դուրս գա ՆԱՏՕ-ի կազմից և չեզոքություն հայտարարի: Խումբը պահանջում է զենք չտրամադրել Ուկրաինային:

Նմանօրինակ կարգախոսներով երեկ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Չեխիայի մեծությամբ երկրորդ քաղաք Բռնոյում, ինչպես նաև Պլզենում և Լիբերեցում:

Սեպտեմբերի սկզբին Պրահայում էներգակիրների սակագնի աճի դեմ ցույցին մասնակցել է մոտ 70 հազար մարդ:

XS
SM
MD
LG