Սեպտեմբերի 13-ի հարձակումից ավելի քան երկու շաբաթ անց ՀՀ կառավարությունը զոհերի թիվը դեռ չի հստակեցնում

«Հայկական կողմն ունի 206 զոհ և անհետ կորած»

Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից ավելի քան երկու շաբաթ անց Հայաստանի կառավարությունը չի հստակեցնում զոհերի թիվը՝ նշելով միայն, որ արյունալի մարտերից հետո հայկական կողմն ունի 206 զոհ և անհետ կորած։

Թե նրանցից քանիսն են զոհվել, քանիսն անհետ կորել, պարզ չէ, անցած շաբաթ ադրբեջանական կողմը 133 աճյուն էր հանձնել Երևանին, զոհերի անունները պետական կառույցները մինչ օրս չեն հրապարակել՝ չմանրամասնելով պատճառները։ Կառավարությունը չի հստակեցնում նաև, թե հայ-ադրբեջանական մարտերից հետո քանի դիրք է կերցրել հայկական կողմը։

Վարչապետ Փաշինյանը միայն հայտարարել էր10 քառակուսի կիլոմետրի կորստի մասին, իսկ գլխավոր շտաբի պետը խոսել էր Սյունիքի Ներքին Հանդի, Գեղարքունիքի Շորժաների ու Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացման մասին։

Պաշտպանության նախարարի խոսնակ Արամ Թորոսյանն «Ազատությանը» փոխանցեց միայն, որ այժմ ճշգրտվում են բոլոր տեսակի կորուստները։ Թորոսյանն այս մասին խոսել էր նաև սեպտեմբերի 21-ին՝ «Եռաբլուր»-ում։

«Ե՛վ նյութական, և՛ այլ կորուստների ճշգրտման աշխատանքներ են իրականացվում, այդ աշխատանքների ավարտին Պաշտպանության նախարարությունը ամփոփ տեղեկատվություն կտրամադրի», - նշել է Թորոսյանը։

Բաքում հաստատել է՝ սեպտեմբերյան մարտերից հետո 4 հայ զինծառայող կա իր հսկողության տակ

Ադրբեջանական հարձակումից երկու շաբաթ անց Բաքուն Եվրոպական դատարանին հաստատել է, որ սեպտեմբերյան մարտերից հետո իր հսկողության տակ 4 հայ զինծառայող կա։

«Այն նամակով, որով դատարանը ծանուցել է ինձ՝ որպես ներկայացուցիչ, և Հայաստանի Հանրապետությանը ի դեմս պարոն Կիրակոսյանենց, այս նամակում առնվազն 4 գերի հաստատվում է, մեկը հերքվում է, որը մեր գրասենյակի գործերից է, ես եմ ներկայացուցիչը։ Մնացած մասով ինֆորմացիա մյուսների վերաբերյալ չկա», - ասաց փաստաբանը։

Հաստատված գերիներից մեկի հարցով զբաղվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որի փաստաբան Անի Չատինյանն ասաց՝ Բաքուն նաև նշել է, որ 4 ռազմագերիների առողջական վիճակը բավարար է, իսկ պահման պայմանները համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Հայաստանի կառավարության հաղորդմամբ՝ այս վերջին մարտերից հետո Ադրբեջանում առնվազն 20 նոր ռազմագերի կա։

«Ապացույցներ ու փաստեր ունենք ներկայացնելու, որ Ադրբեջանում մնալու դեպքում անձանց ազատություններն ու իրավունքները, ընդհուպ մինչև կյանքի իրավունքը վտանգի տակ են», - ընդգծեց Չատինյանը։

Հարձակման թիրախ դարձած մարզերում կյանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն հուն

Մինչ այս, սեպտեմբերի 13-ի հարձակման թիրախ դարձած մարզերում կյանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն հուն։ Ջերմուկում իրավիճակն այժմ հանգիստ է։

Հայաստանում հավատարմագրված դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները Ջերմուկում,16-ը սեպտեմբերի, 2022թ․

«Կրակոցներ չկան, ժողովուրդն աստիճանաբար վերադառնում է քաղաք, բնական կյանքն աստիճանաբար վերականգնվում է, ինֆրաստրուկտուրաները սկսում են գործել, սպասարկող կազմակերպությունները, ծառայությունները օր-օրի ավելանում են, ակտիվանում են, խանութները գործում են, բանկերը գործում են», - «Ազատությանն» ասաց Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը։

Ջերմուկի առողջարանի շենքը ադրբեջանական գնդակոծությունից հետո, 15-ը սեպտեմբերի, 2022թ․

Առողջարանային քաղաքում դեռ ճշտում են վնասի չափերը, ասաց փոխքաղաքապետը։ «Չէ, դեռ գնահատման էտապ ունենք՝ ինչ վնասներ, ինչ չափի, ինչ կարգի, դեռ չեմ կարող ասել», - ասաց Վարդան Սարգսյանը։

Այս ողջ ընթացքում աշխատանքը չեն դադարեցրել բուժհաստատությունները, պատմեց փոխքաղաքապետը, սակայն դեռ փակ են մանկապարտեզներն ու դպրոցները, որոնք անցել են օնլայն ուսուցման։

Մի քանի օր է հեռավարից առկա ուսուցման է անցել Գեղարքունիքի Նորաբակի դպրոցը։ Մաթեմատիկայի ուսուցիչ Թաթուլ Պետրոսյանն աշխատանքն ավարտել ու արդեն տուն էր վերադարձել։

«Մի շաբաթ օնլայն է դասերը եղել», - նշեց ուսուցիչը։

Ռազմական գործողությունների հետևանքով, ըստ ՄԻՊ-ի, ավելի քան 7600 մարդ էր տեղահանվել

Սյունիքի մարզում բացի սահմանից մի քանի մետր հեռու Ներքին Հանդ ու Շիկահող համայնքներից, մյուս դպրոցները ևս վերականգնել են դասերը։ Մարզպետի օգնական Արմինե Ավագյանի խոսքով, Սյունիքում էլ աստիճանաբար վերադառնում են սովորական կյանքին։

«Բնակավայրերում մենք ունենք հրետակոծությունից վնասված 4 բնակելի տուն, 9 վնասված օժանդակ շինություն, ևս 9 հասարակական կառույցներ են վնասվել, մեկ գյուզում վարչական շենք է վնասվել և 9 անասնապահի տնակներ են վնասվել։ Բացի դրանից արկերից վնասվել է 4 մարդատար մեքենա, մոտ 11 գյուղսարքավորումներ կամ շինարարական տեխնիկա մնացել է թշնամու վերահսկողության տակ։ Մոտ 6810 մանր եղջերավոր անասուն մնացել է թշնամու թշնամու վերահսկողության տակ», - հայտնեց Ավագյանը։

Ռազմական գործողությունների հետևանքով, ըստ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ավելի քան 7600 մարդ էր տեղահանվել։ Պետական գերատեսչությունները լռում են, թե քանիսն են վերադարձել իրենց տներ, քանիսն են շարունակում այլ վայրերում ապրել։