Մատչելիության հղումներ

«13 օր է՝ ոչ մի լուր չունենք». անհետ կորածների ծնողները դարձյալ ՊՆ շենքի մոտ են


Պաշտպանության նախարարության շենքի մոտ դարձյալ անհետ կորած զինծառայողների ծնողներն են. նրանք 13 օր է չգիտեն, թե որտեղ են իրենց որդիները:

«Էրեխեքին բարձրացրել են շինարարական աշխատանքներ կատարելու ամսի 12-ի ժամը 10-ի կողմերը, ու ամսի 13-ի գիշերը սկսվել ա ու ոչ մի տեղեկություն չկա», - նշեց ծնողներից մեկը:

Հայկ Անթանյանի որդին Կապանի զորամասի ընդամենը երկու ամսվա զինծառայող է, Ներքին Հանդի դիրքերից է անհետացել, այդ տարածքն այժմ Ադրբեջանի հսկողության տակ է: Ընտանիքը ոչինչ ճշտել չի կարողանում՝ հրամանատարից մինչև դիրքի ավագ՝ զրո տեղեկություն:

«Ոչ մի հրամանատար չկա, գնդում էլ ենք եղել, պատասխանող չկա, զորամասում էլ ենք եղել, պատասխանող չկա, գնում ենք, ասում ա՝ «կամանդիրը գնաց պոստեր», գնում ենք պոստեր, ասում ա՝ «կամանդիրը գնաց չաստ», գալիս ենք չաստ, ասում ա՝ «կամանդիրը գնաց խորհրդակցման» ու ոչ մի պատասխան», - ներկայացրեց Անթանյանը:

Մի քանի տասնյակ ծնողներ են այստեղ՝ ներսում, նրանց հետ զրուցեց Զինված ուժերի բարոյահոգեբանական վարչության պետը, արդյունքը՝ «ոչ մի բան, գնացեք սպասեք», լսել են ծնողները։

Սերժիկ Ղազարյանի որդին Վերին Շորժայում է եղել, վարչապետ Փաշինյանին է դիմում, հիշեցնում՝ եղել եք զինվորի ծնող. - «Ակնկալում եմ զինվորի ծնողի աչքերով նայել մեր ժողովրդին ու ձեր խոսքն ասեք էդ ժողովրդին, որը հիմա ներսում է գտնվում: Երկրորդ հարցը՝ Պաշտպանության նախարարություն, պարոն Պապիկյան, ուղիղ 13 օր ա ոչ մի լուր, տեղեկատվություն չունեմ իմ երեխայից և մնացած բոլոր երեխաներից, հիմա դիմում եմ Ձեզ՝ ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում: 13 օր ա էդ ձորակի մեջ ունենք վիրավորներ, դիեր, ոչ մի նախաձեռնություն չեք ձեռնարկում, որպեսզի գոնե վիրավոր երեխաներին ժամանակից շուտ հանեիք ու երեխաները հիմա փրկված կլինեին»:

«Ինչո՞ւ հենց առաջին օրը որևէ գործողություն չձեռնարկեցիք երեխաներին՝ վիրավոր, թե զոհված՝ մարտադաշտից դուրս բերելու համար», - հարցնում է հայրը:

Մայրերից որևէ մեկը լրագրողների հետ խոսելու սիրտ ու ձայն չունի: Նրանք նաև դիահերձարաններով են անցել, զննել զոհված զինծառայողների մարմինները, տեսել լուսանկարները՝ իրենց երեխաները չկան։

«Հիմա դիերը էդ ձորակի մեջ, գելերը, աղվեսները հոշոտած կլինեն, ո՞նց պետք ա տանենք տանք էդ ծնողներին», - ասաց Սերժիկ Ղազարյանը:

Որոնողական աշխատանքներ տարվո՞ւմ են՝ ծնողները հիմնականում կապանի տարածաշրջանի Ներքին Հանդ, Սրաշեն գյուղերի դիրքերի ու Գեղարքունիքի Վերին Շորժայի մասին են խոսում։ Ադրբեջանական զինուժը առաջացել է այս տարածքներում ու նաև Ջերմուկում։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Զառա Ամատունին շեշտում է՝ կողմերի հետ դեռ բանակցում են:

«Քննարկումները կողմերի հետ այս թեմաների շուրջ չեն դադարել, մենք շարունակում ենք մնալ պատրաստ և պատրաստակամ ընդգրկվելու որոնողական աշխատանքներում կամ դուրսբերման աշխատանքներում՝ վիրավորների, թե զոհվածների, այն պահից սկսած, երբ որ ունենանք բոլոր հնարավոր երաշխիքները և համաձայնությունները կողմերի», - ասաց Զառա Ամատունին:

Ներքին Հանդի դիրքերում որոնողական աշխատանք սկսելու փորձ եղել է մարտական գործողությունների ավարտից անմիջապես հետո՝ սեպտեմբերի 15 -ին։ Բայց ադրբեջանական կողմը գերեվարել էր մարմիններ դուրս բերելու համար տարածք մտած Կապանի շտապօգնության մեքենայի անձնակազմին, ժամեր անց 4 հայաստանցիներին փոխանակել են հայկական կողմում գտնվող ադրբեջանական երկու դիակների ու մեկ վիրավորի հետ։ Ենթադրվում է, որ այժմ ադրբեջանական կողմը պարզապես թույլ չի տալիս իր հսկողության տակ անցած տարածքներ մտնել:

Սեպտեմբերի 13-ին վարդենիսցի տղամարդը Ջերմուկում ծառայող որդու հետ չէր կարողացել կապ հաստատել ու ինքնասպանություն էր գործել, նույն օրն ավելի ուշ, սակայն, տղան զանգահարել էր տուն ու ասել, որ վիրավոր է: Ընտանիքից տեղեկացանք՝ զանգ այլևս չի եղել, վիրավոր զինծառայողի ճակատագիրն անհայտ է։

Պաշտոնապես հայտարարվել է, որ այս ամսվա մարտերում զոհված ու անհետ կորածների թիվը գերազանցում է 207-ը, 14-րդ օրն է՝ ոչ հստակեցում կա, ոչ էլ անուն, ազգանուն։

XS
SM
MD
LG