Եթե Ռուսաստանի հատի «կարմիր գիծը», Միացյալ Նահանգները վճռական պատասխան կտա, կիրակի օրը հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Նրա խոսքով՝ Մոսկվան «աղետալի հետևանքների» կբախվի, եթե միջուկային զենք օգտագործի Ուկրաինայի դեմ, քանի որ Միացյալ Նահանգները պատրաստ է խստորեն արձագանքել նման քայլին։
«Եթե Ռուսաստանը հատի այս սահմանը, հետևանքները նրա համար աղետալի կլինեն։ ԱՄՆ-ը խստորեն կպատասխանի», - ասել է Սալիվանը NBC-ին տված հարցազրույցում։
Սալիվանի խոսքերը հնչեցին այն բանից հետո, երբ անցած չորեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց 300 հազար զինվորականների մոբիլիզացման մասին՝ միաժամանակ սպառնալով օգտագործել «բոլոր հասանելի միջոցները» Ռուսաստանի պաշտպանության համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանում մասնակի զորահավաք է հայտարարվելԱյսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապարոժիեի մարզերի օկուպացված բնակավայրերում սեպտեմբերի 27 ին կավարտվեն Ռուսաստանին միանալու վերաբերյալ այսպես կոչված հանրաքվեները, Մոսկվան, ինչպես Կրեմլի խոսնակն էր ասել ուրբաթ օրը, արագ կանցկացնի բոլոր անհրաժեշտ միջոցառումները այդ տարածքները Ռուսաստանի մաս ճանաչելու համար, և ըստ այդմ, Դմիտրի Պեսկովի խոսքով, ցանկացած հարված այդ տարածքներին կհամարվի հարձակում Ռուսաստանի դեմ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեսկով․ «Հանրաքվեներից հետո Դոնբասի դեմ հարձակումները կընկալվեն որպես հարձակում Ռուսաստանի տարածքի վրա»
Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդականը չի հստակեցրել, թե ինչ ասել է «վճռական պատասխան», սակայն ասաց, որ Վաշինգտոնը Մոսկվային ասել է «ավելի մանրամասն, թե դա ինչ է նշանակում»:
Սալիվանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն այսօր էլ ուղիղ կապ է պահպանում Ռուսաստանի հետ, այդ թվում՝ վերջին մի քանի օրվա ընթացքում, քննարկելու Ուկրաինայում տիրող իրավիճակը, Պուտինի գործողություններն ու սպառնալիքները։
NBC-ին տված հարցազրույցում Սալիվանը շեշտել է, թե Պուտինը դեռևս մտադիր է վերացնել Ուկրաինայի ժողովրդին, որը, Ռուսաստանի նախագահի կարծիքով, գոյության իրավունք չունի։ Հետևաբար՝ Մոսկվան կշարունակի առաջխաղացումը, իսկ Միացյալ Նահանգները, ինչպես Սպիտակ տան ներկայացուցիչն է ասում, կշարունակի ուկրաինական կողմին տրամադրել զենք, զինամթերք, հետախուզություն և ամբողջ աջակցությունը, որ կարող է տրամադրել:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում մեղադրել է Պուտինին «Եվրոպայի դեմ բացահայտ միջուկային սպառնալիքների» և միջուկային զենքի չտարածման պարտավորություններն անխոհեմաբար անտեսելու մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի նախագահը բացահայտ սպառնում է միջուկային պատերազմով. Բայդեն