44-օրյա պատերազմի ճնշող հաղթանակով Ալիևը հասել է իր նպատակների մեծ մասին, բայց ոչ բոլորին և հիմա գնում է մյուսների ետևից, պնդում է ղարաբաղյան հակամարտության գիտակ, «Սև այգի» գրքի հեղինակ Թոմ դը Վաալը օրերս հրապարակված հոդվածում:
Ըստ փորձագետի, Ալիևի առաջին նպատակն է ստիպել Հայաստանին «խաղաղության պայմանագիր» ստորագրել` հրաժարվելով Ղարաբաղի նկատմամբ հավակնություններից, երկրորդ՝ իրականացնել Հայաստան-Ադրբեջան սահմանազատում` Ադրբեջանին հարմար ձևով, երրորդը՝ ստանալ, ինչպես իրենք են ասում, «Զանգեզուրի միջանցք»` նվազագույն ստուգումներով և հսկողությամբ։
Ընդ որում, ներխուժելով Հայաստան, ըստ դը Վաալի, Ալիևը հիմա ձեռնոց է նետել ոչ միայն Հայաստանին, այլև` Ռուսաստանին, որը պարտավոր է աջակցել դաշնակցին թե՛ երկկողմ պաշտպանական պայմանագրով, թե՛ ՀԱՊԿ-ի միջոցով:
«Բայց Ռուսաստանը համարյա զգետնված է Ուկրաինայում», - փաստում է բրիտանացի վերլուծաբանը, հավելելով` Ադրբեջանի ցանկությունն է կարծես ապացուցել, թե Ռուսաստանը չի շտապում աջակցել, իսկ ՀԱՊԿ-ն անարդյունավետ կառույց է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զասի երևանյան քննարկումների մասին ՀԱՊԿ հաղորդագրությունում անգամ հիշատակված չեն մարտական գործողություններըԱլիևն ընտրել է հարկադրական դիվանագիտության ուղին
Ռուսաստանի անկարողությունը ապացուցելը, սակայն, Ալիևի միակ ռազմավարությունը չէ. «2020-ի հաղթանակից հետո նա Հայաստանի դեմ կիրառում է մի կողմից` բանակցությունների, մյուս կողմից` ուժի գործադրման ռազմավարություն», - պնդում է դը Վաալը, փաստելով, որ վերջին բախումները տեղի ունեցան Ալիև-Փաշինյան բրյուսելյան արդեն չորրորդ հանդիպումից շաբաթներ անց` ձևաչափ, որտեղ կողմերը առաջընթաց էին գրանցում։
Ըստ դը Վաալի տեղեկությունների, ամռան սկզբին կողմերը համաձայնության են եկել տրանսպորտային երթուղիների բացման էության շուրջ, սակայն հետո ռուսները որոշակի բարդություններ են առաջացրել, ինչի արդյունքում ամեն ինչ կանգ է առել: Թե ինչ բարդությունների մասին է խոսքը, դը Վաալը չի նշում, փոխարենը այլ մանրամասներ է փոխանցում դռնփակ քննարկումներից:
Ըստ այդմ, Բրյուսելում կողմերը ամռանը ինտենսիվ քննարկել են միջպետական պայմանագիր կնքելու հնարավորությունը, որը Ադրբեջանի պահանջն է, ներառելով նաև Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների մասին դրույթներ` Հայաստանի պահանջով: Մյուս կողմից, ըստ դը Վաալի, Ռուսաստանը ևս ներկայացրել է խաղաղության պայմանագրի նախագիծ, որն անորոշ ժամանակով մի կողմ է դնում Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Բայց անկախ` Ռուսաստանն է առաջարկ ներկայացնում, Բրյուսելը, թե այլ միջնորդ, «բոլորն էլ 1991-ից վեր նույն խնդիրն են ունեցել. կողմերը առաջարկները կարող են հանգիստ մերժել առանց դրա համար որևէ գին վճարելու»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ փորձագետի, պետք է ժամանակ ձգել, դեռ չխոսել Արցախի կարգավիճակի մասին, խոսել անվտանգության և իրավունքների մասին«Մյուս կողմից, առաջնորդները կարծում են, որ կարող են հրապարակային ելույթներում հրաժարվել մասնավոր հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ ժամանակ ձգելու կամ ուժ կիրառելու համար», - գրում է նա։
Գոյություն ունի նաև այս վեճը լուծելու համար «հարմար դատարան գտնելու» խնդիր. որ կողմի առաջարկն ընդունել
«Ռուսաստանը դեռ միջնորդ է` հզոր շահերով, նույնիսկ եթե կասկածում են նրա ազնվությանը, և հիմա, ըստ հաղորդումների, առաջարկում է անժամկետ հետաձգել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ինչը հայերին ավելի է դուր գալիս, քան եվրոպական առաջարկը: Միացյալ Նահանգները, լիովին աջակցելով Եվրամիությանը, բարձրացրեց հայկական կողմի սպասումները` Ֆիլիպ Ռիքերին նշանակելով Հարավային Կովկասի հարցերով դեսպան ու Մինսկի խմբի միջնորդ:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան էլ ավելի խառը ազդակներ ուղարկեց: «Եվամիությունն ինքն էլ միանշանակ չէ», - գրում է Թոմ դը Վաալը, հիշեցնելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հուլիսյան այցը Բաքու, որի ընթացքում նա Ադրբեջանին «վստահելի գործընկեր» անվանեց և ոչ մի անգամ չհիշատակեց «խաղաղություն» կամ «հակամարտություն» բառերը։
Խոսելով ապագա զարգացումներից` բրիտանացի վելուծաբանը պնդում է` Ալիևը պետք է վերանայի առավելապաշտական նկրտումները, քանի որ վերջին մարտերը խարխլել են Փաշինյանի դիրքերը, որը պարտավորվել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցություններ վարել՝ չնայած ընդդիմության կոշտ քննադատությանը: Բացի այդ, վերջին բախումները դժգոհություններ են առաջացրել նաև Ադրբեջանի ներսում, որտեղ ավելի ու ավելի շատ ակտիվիստներ են մեղադրում Ալիևին Հայաստանի հետ հաշտություն կնքելու պատմական հնարավորությունը բաց թողնելու համար։ Միջազգային համայնքը` Միացյալ Նահանգները, Եվրամիության երկրներն ու Եվրահանձնաժողովն, իրենց հերթին, պետք է ավելի մեծ աջակցություն տրամադրեն Շառլ Միշելի միջնորդությամբ սկսված բրյուսելյան գործընթացին:
«Եթե այն դադարեցվի կամ ձախողվի, կա երկու տխուր այլընտրանք՝ կա՛մ միջնորդական առաքելությունը կրկին կանցնի Մոսկվային, կա՛մ, ինչն ավելի վատ է, երկու կողմերը պատրաստվեն հաջորդ պատերազմին», - արձանագրում է Թոմ դը Վաալը: