Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին կրակել է արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ՀՀ ՊՆ


Այսօր ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է, հայկական կողմում կորուստներ չկան։

Սեպտեմբերի 14-ի երեկոյից հաստատված հրադադարը, փաստացի, արդեն երեք օր է խախտվում է։ Սեպտեմբերի 21-ին ադրբեջանական զինուժը կրակել էր Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ, պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել էր, հայկական կողմն ուներ մեկ վիրավոր։

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն էլ երեկ հայկական կողմին մեղադրեց, թե անցած գիշեր խոշոր տրամաչափի զենքից Քելբաջարի ադրբեջանական զորամիավորումների ուղղությամբ կրակ են բացել։ Նաև հաղորդվեց, թե հայկական դիվերսիոն մի խումբ հարձակման փորձ է արել, ականապատելով կիրճը։ Ըստ ադրբեջանցիների, հետ են քաշվել պատասխան գործողությունների արդյունքում։ Հայաստանի ՊՆ-ը այս հայտարարությունները ապատեղեկատվություն է որակում։

Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:

Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:

XS
SM
MD
LG