Ադրբեջանի գործողությունները բացահայտ արհամարհանք են միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և Եվրոպայի խորհրդի շրջանակում անդամ երկրների ստանձնած պատավորությունների նկատմամբ և պետք է համապատասխան հետևանքներ ունենան։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպման ժամանակ:
Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի մանրամասները՝ անթույլատրելի համարելով ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման, հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների դեպքերը։
Հայկական կողմն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման, իրենց նախնական դիրքեր ադրբեջանական զորքերի վերադարձի, հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության վերականգնման և խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:
Արարատ Միրզոյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղ անխափան մուտքի ապահովումը։ Նախարարը նաև հույս է հայտնել, որ Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում Եվրոպայի խորհուրդն առավել հաստատակամ և հետևողական կլինի։
Արտգործնախարարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանը նույն օրը հանդիպումներ է ունեցել նաև Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերի, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի, Նիկարագուայի արտաքին հարաբերությունների նախարար Դենիս Մոնկադայի հետ:
Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: Հրադադարը մինչ օրս հիմնականում պահպանվել է:
Հայկական կողմը օրերս պաշտոնապես հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, Բաքուն 79 զոհի մասին է հայտնել: