Այսօր Նյու Յորքում կայացել է ՄԱԿ ԳԱ շրջանակներում ավանդաբար անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում արտգործնախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
Հանդիպման ընթացքում, ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության, ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարները մտքեր են փոխանակել ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի օրակարգի վերաբերյալ։ Կարևորվել է ՄԱԿ շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության ամրապնդումը։
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԳ նախարարը ՀԱՊԿ գործընկերներին է ներկայացրել ՀՀ անկախության օրվան նվիրված լուսանկարների ցուցադրությունը։