Չնայած ծանր հիվանդության մասին պնդումներին Խամենեին կրկին հանդես է եկել ելույթով

Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի,11-ը օգոստոսի, 2021թ․

Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին այսօր կրկին հանդես է եկել հրապարակային ելույթով։

Սա Իրանի ղեկավարի երկրորդ նման ելույթն է վերջին մեկ շաբաթում, երբ արևմտյան մամուլում տեղեկություններ սկսեցին շրջանառվել նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։

Սեպտեմբերի 16-ին հրապարակված հոդվածում New York Times-ը պնդել էր, որ 83-ամյա Խամենեին չեղարկել է բոլոր հանդիպումներն ու ելույթները և գտնվում է բժիշկների շուրջօրյա հսկողության ներքո։

Խամենեիի այսօրվա ելույթը շարունակվել է գրեթե մեկ ժամ և ամբողջությամբ նվիրված է եղել 1980-ից 1988 թվականների իրան-իրաքյան պատերազմին։

Ելույթում որևէ անդրադարձ չի եղել երկրի խոշորագույն քաղաքներում արդեն մի քանի օր շարունակվող բողոքի գործողություններին։

Դրանք մեկնարկել էին 22-ամյա Մահսա Ամինիի՝ ոստիկանական բաժանմունքում արձանագրված մահից հետո։ Երիտասարդ կինը բերման էր ենթարկվել գլխաշոր կրելու կանոնները խախտելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում գլխաշորը ոչ պատշաճ կրելու համար ձերբակալված աղջիկը մահացել է. երկրում ցույցեր են