«Չնայած վերջին բախումներին Բաքուն պատրաստ է աշխատել Հայաստանի հետ՝ խաղաղ պայմանագրի կնքման ուղղությամբ», «Ինտերֆաքս Ազերբայջան» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ Նյու-Յորքում կայացած հանդիպման ընթացքում։
«Չնայած վերջին ռազմական բախումներին և մեր կրած կորուստներին, Ադրբեջանը կողմ է, որպեսզի խաղաղ գործընթացը մեկնարկի առանց հապաղման», - հայտարարել է Բայրամովը։
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ հանդիպման ժամանակ Բայրամովը կրկին պնդել է, որ հայկական զորքերը ականապատում են ադրբեջանական տարածքները։
«Ադրբեջանի տարածքների՝ հայկական կողմից իրականացվող ականապատումը լուրջ հետևանքներ է ստեղծում մեր երկրի ազատագրված շրջաններում։ Տեղադրված ականները արտադրվել են Հայաստանում 2021 թվականին», - պնդել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: Հրադադարը պահպանվում է:
Հայկական կողմը օրերս պաշտոնապես հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, Բաքուն 79 զոհի մասին է հայտնել: Երեկ Կարմիր Խաչի միջոցով հայկական կողմին է փոխանցվել 95 զինծառայողի դի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին