Այսօր ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
Երեկ երեկոյան Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ սեպտեմբերի 20-ին որոշակի պարբերականությամբ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը՝ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ, սակայն ժամը 22:30-ի դրությամբ իրադրությունը սահմանին կայուն է, կրակոցներ չկան։
Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: Հրադադարը պահպանվում է:
Հայկական կողմը օրերս պաշտոնապես հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, Բաքուն 79 զոհի մասին է հայտնել: Երեկ Կարմիր Խաչի միջոցով հայկական կողմին է փոխանցվել 95 զինծառայողի դի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին