Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը. Բլինքեն


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Միացյալ Նահանգները կշարունակի աջակից լինել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը, վստահեցնում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին Անկախության տոնի առթիվ։ Խորհրդային Միությունից իր անկախությունը հռչակելուց հետո՝ ավելի քան 30 տարի մենք տեսել ենք Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև երկրում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, տնտեսության և արդարադատության ոլորտի զարգացման և ամրապնդման հարցերում։ Հպարտ ենք գործակցել Հայաստանի հետ այս ոլորտներում, որոնք մարմնավորում են մեր ընդհանուր արժեքները։ Մենք կշարունակենք աջակից լինել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը», - Հայաստանում ԱՄՆ դեսպանության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:

«Մենք գնահատում ենք տարածաշրջանում ավելի մեծ կայունության ապահովման ջանքերին աջակցելու ձեր պատրաստակամությունը։ Ցավակցում ենք վերջին հարձակումներում տեղ գտած մարդկային կորուստների կապակցությամբ և փաստում, որ մենք հանձնառու ենք աշխատել ձեր և մյուս կողմերի հետ հակամարտության խաղաղ կարգավորման խթանման նպատակով», - իր ուղերձում գրել է Բլինքենը՝ նաև հույս հայտնելով, որ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները և տնտեսական կապերը կշարունակեն վերելք ապրել, ու բարեկեցություն և խաղաղություն մաղթելով հայ ժողովրդին։

XS
SM
MD
LG