Ճապոնիան կարևոր գործընկեր է Հայաստանի համար, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Նյու Յորքում՝ Ճապոնիայի արտգործնախարար Յոշիմասա Հայաշիի հետ հանդիպման ժամանակ։
Ընդգծվել է երկկողմ հայ-ճապոնական առևտրատնտեսական կապերի ոլորտում առկա մեծ ներուժն առավել արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև ներդրումների խթանման նշանակությունը:
Միրզոյանը կարևորել է Ճապոնիայի շարունակական աջակցությունն՝ ուղղված տարբեր բնագավառներում Հայաստանի կարողությունների զարգացմանը:
Արարատ Միրզոյանը Յոշիմասա Հայաշիին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մանրամասները և ընդգծել դրա հետևանքների վերացման նպատակով Ադրբեջանի վրա միջազգային հանրության շարունակական ճնշման կարևորությունը:
Նա դատապարտել է Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ ու առավելապաշտական քաղաքականությունը, որը խաթարում է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:
Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին:
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: Հրադադարը պահպանվում է:
Հայկական կողմը օրերս պաշտոնապես հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, Բաքուն 79 զոհի մասին է հայտնել: Երեկ Կարմիր Խաչի միջոցով հայկական կողմին է փոխանցվել 95 զինծառայողի դի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին