Տնային տնտեսուհուց` Ներկայացուցիչների տան խոսնակ. ինչպես է Փելոսին դարձել ԱՄՆ ամենաազդեցիկ կինը

Երևան, Հայաստան

Արդեն երկրորդ օրն է` Հայաստանում է Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին և առայժմ միակ կինը, որին հաջողվել է դառնալ Ներկայացուցիչների տան խոսնակ, գերտերության քաղաքական մեծամասնության ղեկավար` վճռորոշ դեր ստանձնելով Միացյալ Նահանգների նախագահների օրակարգերը հաստատելու կամ տապալելու հարցում:

Նենսի Փելոսին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, 18-ը սեպտեմբերի, 2022թ.

Նենսի Փելոսին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, 18-ը սեպտեմբերի, 2022թ.

35 տարի առաջ Կալիֆորնիայից Կոնգրես եկած Նենսի Փելոսին մասնակցել է Միացյալ Նահանգների յոթ նախագահների երդմնակալության` Ռոնալդ Ռեյգանից, Ջորջ Բուշ Ավագից մինչև Դոնալդ Թրամփ ու Ջո Բայդեն:

2007-ին, երբ նա առաջին անգամ ընտրվեց Ներկայացուցիչների տան խոսնակ, ամերիկյան մամուլը գրեց` Փելոսին պատմություն է կերտում: Հանդիսավոր պահին նրա կողքին էին հինգ թոռները, վեցերորդը` ամենափոքրը` գրկին:

Իտալական արմատներ ունեցող Նենսի Փելոսին հինգ երեխաների մայր է, քաղաքանություն է մտել 47 տարեկանում, երբ նրանցից ամենափոքրն արդեն ընդունվել էր քոլեջ:

Ընտանիքի անդամներով շրջապատված Նենսի Փելոսին երդվում է 108-րդ Կոնգրեսում

Փելոսին թոռնուհու հետ

«Շնորհակալ եմ, որ ինձ վստահություն տվեցիք խոհանոցից հասնել Կոնգրես. սա միայն իմ հաղթանակը չէ», - հայտարարել էր նա պաշտոնամուտի ելույթում, հավելելով. «Սա իսկապես պատմական պահ է Կոնգրեսի և ամերիկացի կանանց համար: Պահ, որին սպասել ենք ավելի քան երկու հարյուր տարի: Սպասել ենք ոչ թե հուսահատվելով, այլ տարիներ շարունակ պայքարելով մեր իրավունքների համար»:

Պայքարը` հանուն մարդու իրավունքների ու ժողովրդավարության, միշտ է առանցքային եղել Սան Ֆրանցիսկոյից ընտրված, լիբերալ Փելոսիի օրակարգում:

Երկու տարի առաջ, երբ սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունը փոթորկեց Ամերիկան, 80-ամյա Փելոսին մի խումբ դեմոկրատների հետ Կապիտոլիումի սրահում ծնկի իջած մնաց ութ րոպե 46 վայրկյան` ճիշտ այնքան, որքան ոստիկան Դերեկ Շովինը ծունկը սեղմել էր Ֆլոյդի պարանոցին` ի վերջո խեղդամահ անելով նրան:

Մեկ այլ դեպքում Փելոսին առանց ընդհատման ութ ժամ ելույթ ունեցավ Կոնգրեսում`պաշտպանելու ապօրինի ներգաղթյալներին նախկին նախագահ Թրամփից:

ԱՄՆ պատմության մեջ ռեկորդային` ութ ժամանոց այս ելույթ- մարաթոնը 78-ամյա Փելոսին ավարտել էր աշխույժ կատակներով ու ժպիտով` ստիպելով լրագրողներին արձանագրել` նրբակազմ այդ կնոջը հեշտ չէ կոտրել: Այդ կարծիքն է՛լ ավելի ամպապնդվեց, երբ Ներկայացուցիչների տան խոսնակը բոլորի աչքի առաջ պատռեց Միացյալ Նահանգների նախագահի ամենամյա ելույթի տեքստը. մինչ այդ Թրամփը ցուցադրաբար մերժել էր նրա ձեռքը սեղմել:

Ջորջ Բուշի օրոք Փելոսին խստորեն քննադատում է Ամերիկայի ներխուժումը Իրաք, Պեկինի Տյանանմենի հրապարակում տեղի ունեցած արյունալի բռնություններից հետո` պահանջել սահմանափակել առևտուրը Չինաստանի հետ, քարկոծել Թրամփին, որ կոշտ քայլեր չձեռնարկեց Վլադիմիր Պուտինի դեմ Ղրիմը բռնազավթելու համար: Անցած փետրվարին, երբ Մոսկվան արդենլայնածավալ պատերազմ սկսեց, Փելոսին առաջիններից էր, որ պնդեց` անհրաժեշտ են կոշտ պատժամիջոցներ:

«Եվ մենք կգնանք այդ ճանապարհով, քանի դեռ հրադադար չի հաստատվել: Դրա համար անհրաժեշտ է Ուկրաինային էական օգնություն տրամադրել անվտանգության ոլորտում, հումանիտար, տնտեսական աջակցություն, ինչպես նաև պատժամիջոցներ, պատժամիջոցներ ու էլի պատժամիջոցներ, որոնց արդյունքում Ռուսաստանը սեփական մաշկի վրա կզգա այս ամենի ցավը», - ասել էր դեմոկրատական մեծամասնության առաջնորդը:

Ի դեպ, առաջին խոչընդոտներից մեկը, որին բախվել էր Փելոսին Ներկայացուցիչների տան խոսնակի պաշտոնում, Հայոց ցեղասպանության ճանաչումն էր: Պաշտոնամուտից ամիսներ անց նա խոստացել էր հարցը ընդգրկել լիագումար նիստում, եթե այն հավանության արժանանա Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Անկարայի զգուշացումներից ու Սպիտակ տան հորդորներից հետո, սակայն, Կոնգրեսում բանաձևի աջակիցների թիվը նվազել էր: Փելոսին, որն ըստ ամերիկյան մամուլի, դեռ երեխա ժամանակ քաղաքապետ հորից է սովորել ձայները հաշվել, հավաքել ու արդյունքներ ստանալ, այն ժամանակ որոշել էր փաստաթուղթը մի կողմ դնել: 2019-ին, այդուամենայնիվ, նույն այդ հարցը միավորեց թե դեմոկրատներին, թե հանրապետականներին` Ներկայացուցիչների տունը` Փելոսիի գլխավորությամբ, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը` 405 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ:

«Մենք մեծ հպարտություն ենք ապրել, որ վերջապես ընդունեցինք այդ օրենքը... այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում ավելի քան 100 տարի առաջ, ցեղասպանություն էր», - օրերս ասել էր նա` Երևան ժամանելուց առաջ:

Ըստ ամերիկյան Սահմանադրության` Ներկայացուցիչների տան խոսնակը երրորդ ամենաբարձաստիճան պաշտոնյան է Նահանգներում` նախագահից ու փոխնախագահից հետո: Վերջին մեկ ամսում միայն Փելոսին հասցրել է լինել Թայվանում, Բեռլինում, այժմ էլ այցելել է Երևան: Զուգահեռ Նահանգներում շարունակվում է նրա նախընտրական պայքարը նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների համար:

Թայվան

Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին մասնակցում է Թայվանի նախագահ Ցայ Ին Վենի հետ հանդիպմանը Թայբեյի նախագահական գրասենյակում:

Չնայած տպավորիչ քաղաքական ճանապարհին ու ժառանգությանը` 82-ամյա Փելոսին պնդում է` կանգ առնելու մտադրություն չունի: Ամիսներ առաջ նրա մասին տպագրված նոր գրքի հեղինակը գրել էր` Փելոսին անգամ սեփական ամուսնուն չի ասում` երբ է պատրաստվում թոշակի գնալ: