Մատչելիության հղումներ

Նենսի Փելոսին այսօր կժամանի Հայաստան


Այսօր Երևան կժամանի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը։

ԱՄՆ դեսպանատան փոխանցմամբ՝ սեպտեմբերի 17-19-ի այցի ընթացքում նախատեսված է Ներկայացուցիչների պալատի խոսնակի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։

Նենսի Փելոսին հանդես կգա մամուլի ասուլիսով, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և ելույթ կունենա «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում»

Պատվիրակության կազմում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։

Փելոսին իր պաշտոնական կայքէջում հրապարակած հաղորդագրությունում ընդգծում է, որ հպարտ է այցելել Երևան 2019 թվականին Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևի ընդունումից հետո, որը «Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի սպանությունը ճանաչում է որպես ցեղասպանություն», և «նախագահ Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին նախագահը դառնալուց հետո»: «Բոլորի բարոյական պարտքն է՝ չմոռանալ երբեք», - ասված է հաղորդագրությունում:

Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտարարում է, որ իր գլխավորած պատվիրակության այցը «խաղաղ, բարգավաճ և ժողովրդավարական Հայաստանին և կայուն ու անվտանգ Կովկասյան տարածաշրջանին Միացյալ Նահանգների ամուր նվիրվածության խորհրդանիշն է», և որ պատրաստվում է «փոխանցել Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և Հայաստանի երկարամյա բարեկամի, աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորմանը»:

ԱՄՆ երրորդ պաշտոնյայի այցը տարածաշրջանային չէ, նա Գերմանիայից միանգամից ժամանելու է Հայաստան, հարևան պետություններ այցեր չեն նախատեսվում, համենայնդեպս այդ մասին ոչինչ չի հայտարարվել։

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG