Մատչելիության հղումներ

Նենսի Փելոսին շաբաթ օրը կայցելի Հայաստան


ԱՄՆ ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին այսօր Բեռլինում լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ շաբաթ օրը այցելելու է Հայաստան։ Պատվիրակության կազմում են նաև Կալիֆորնիայից հայկական արմատներ ունեցող կոնգրեսականներ Ջեքի Սփիրը և Էնն Իշուն։

«Վաղը մենք այցելու ենք Հայաստան, որովհետև վաղուց հրավեր էինք ստացել հայերի կողմից։ Ես չէի ցանկանա, այցի մանրամասներ քննարկել, քանի որ երբ մենք ճամփորդում ենք, չենք ուզում թիրախում լինել, ուստի նախապես չէի ուզենա որևէ բան ասել», - նշել է Փելոսին:

ԱՄՆ երրորդ պաշտոնյայի այցը տարածաշրջանային չէ, նա Գերմանիայից միանգամից ժամանելու է Հայաստան, հարևան պետություններ այցեր չեն նախատեսվում, համենայնդեպս այդ մասին ոչինչ չի հայտարարվել։ Փելոսիի այցը ծրագրավորված էր մինչ հայ-ադրբեջանական սահմանին սկսված ռազմական էսկալացիան։

Ամերիկյան ուսումնասիրությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանն ասում է՝ այն որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան չի չեղարկել ուղևորությունը կարևոր ուղերձ է պարունակում:

«Նաև պետք է հաշվի առնել, որ իհարկե այս պլանավորված էր մինչև պատերազմը, մինչև ադրբեջանական ագրեսիան, բայց ստացվեց այնպես, որ Փելոսին իր այցի օրակարգը չփոխեց, որոշեց գալ, և սա կարելի է դիտարկել ուղղակի աջակցություն Հայաստանին, Փելոսիի կողմից. մի գործիչ, ով Միացյալ Նահանգների ամենաազդեցիկ կին քաղաքական գործիչներից է, եթե ոչ ամենաազդեցիկը, Դեմոկրատական կուսակցության ուղեղային, հիմնական կենտրոնն է և նախագահ Բայդենի քաղաքական թիմի անդամ, ոչ թե շարքային անդամ, այլ առաջամարտիկներից է այդ քաղաքական թիմի: Իր կշիռը չափազանց մեծ է ամերիկյան քաղաքական, նաև ամերիկյան արտաքին քաղաքական օրակարգում», - ասաց Սարգսյանը:

Այցի մասին դեռ երեկ գրեց ամերիկյան Politico-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցի՝ նախատեսվում է, որ Փելոսին Երևանում հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կառավարության այլ պաշտոնյաների հետ։ Ամենայն հավանականությամբ հանդիպումներ կլինեն նաև խորհրդարանական խմբակցությունների, այդ թվում՝ ընդդիմադիրների հետ։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մինչ այս պահը այցի հետ կապված հարցերը չի մեկնաբանում։ Այսօր, ավելի վաղ այս մասին հրաժարվեց խոսել նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը. - «Եկեք սպասենք, երբ որ հաստատումներ լինեն, այնուհետև դրա մասին կխոսենք»:

Ըստ փորձագետի, քիչ հավանական է, բայց մեծ ձեռքբերում կլիներ, եթե ԱՄՆ ներկայացուցիչների տան խոսնակը այցելեր նաև Արցախ։ Սարգսյանի կարծիքով՝ անկախ այցի նպատակներից, ԱՄՆ կոնգրեսի խոսնակի այս քայլը մեծ դիվանագիտական աջակցություն է Հայաստանին և շատ կարևոր է, թե իշխանությունները ինչպես կօգտագործեն այս հնարավորությունը։

«Ակնկալիքները բացառապես մեզանից են կախված այն առումով, որ մենք կարող ենք շատ ճիշտ ձևով աշխարհին ներկայացնենք, թե որքան կարևոր է այս այցը, մանավանդ Հայաստանի դեմ ագրեսիայի պայմաններում կարող ենք աշխարհին ցույց տալ, որ իրականում սա Միացյալ Նահանգների քաղաքական ղեկավարության մեսիջն է՝ ուղղված ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ադրբեջանի ղեկավարությանը: Մենք կարող ենք ցույց տալ ամբողջ աշխարհին, որ իրականում Հայաստանը գտնվում է գլոբալ խաղացողների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում և այս այցը, բնականաբար, որ քաղաքական ծանր քաշային է գալիս Հայաստան, կարող ենք օգտագործել մեր արտաքին քաղաքական զինանոցում՝ դիվանագիտության մեջ», - ասաց Սարգսյանը:

Այցը Փելոսիի համար, ըստ Սարգսյանի, նաև ներքաղաքական բնույթ ունի։ Նոյեմբերին ԱՄՆ-ում ընտրություններ են և դեմոկրատներին պետք են հայ համայնքի ձայները:

«Կարծում եմ՝ սա չափազանց կարևոր այց է, որովհետև Հայաստանի պատմության մեջ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է գալիս Հայաստան: Մեզ մոտ, իհարկե, եղել են տարբեր քարտուղարներ, այդ թվում՝ պետքարտուղար, պաշտպանության քարտուղար, բայց խոսնակի մակարդակով այցելություն երբեք չի եղել: Սա մի քանի կարևոր հանգամանքով է պայմանավորված, առաջինը պետք է հաշվի առնելով, որ Նենսի Փելոսին հայ համայնքի լավագույն բարեկամներից է, Կալիֆորնիայից է, սա նշանակում է, որ նա ուղղակի հայ ընտրողների կողմից ընտրված պաշտոնյա է, սա պետք է հաշվի առնենք: Երկրորդ՝ նա բավականին լավ հարաբերություններ ունի հայ համայնքի հետ, ընդհանրապես հայերի հետ և երբևէ Հայաստանում չի եղել, սա, բնականաբար, լավ առիթ է, որպեսզի գար Հայաստան, մանավանդ այն տեղեկատվական ֆոնի վրա, որ նա այս ընտրություններից հետ չի ցանկանում զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, ամենայն հավանականությամբ, դեսպան է նշանակվելու՝ Միացյալ Նահանգների դեսպան Իտալիայում: Այս պահին լուրջ տեղեկատվական հոսքեր կան հենց այս լուրը հաստատելու տեսանկյունից», - ընդգծեց Սուրեն Սարգսյանը:

Փորձագետի նկատում է նաև՝ ԱՄՆ -ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մեծ ներդրում է ունեցել հենց Նենսի Փելոսին, կանխատեսում է, որ բարձրաստիճան պաշտոնյան կայցելի նաև Ծիծեռնակաբերդ։ Ինքը՝ Ներկայացուցիչների տան խոսնակն այսօր Բեռնլինում ասել է՝ հպարտ էր, որ Վաշինգտոնը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG