«Ադրբեջանը Հայաստանին միակողմանի մարդասիրական հրադադար հաստատելու առաջարկ է ներկայացրել», - չորեքշաբթի երեկոյան Բաքվում նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարն այս մասին նշել է Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով բանագնաց Միխայիլ Շվիդկոյի հետ հանդիպման ժամանակ։
«Մեր երկիրը շահագրգռված չէ իրավիճակի ապակայունացման և սրման մեջ», - ասել է նա։
Հայաստանի ԱԳՆ խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, որ այս պահի դրությամբ նման առաջարկի վերաբերյալ տեղեկություններ չունեն։
Բայրամովն այսօր ընդունել է նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Եվրոպացի դիվանագետի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարը պնդել է, թե «Հայաստանը խախտել է եռակողմ հայատարարությունների դրույթները», ինչպես նաև այն պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
Հայկական կողմը օրեր շարունակ հերքում էր ադրբեջանական մեղադրանքները սահմանային կրակոցների մասին: Երեկ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց. «Բոլոր այն պնդումները, թե Հայաստանի զինված ուժերը դիմել են ինչ-որ սադրանքների, և Ադրբեջանի գործողությունները եղել են ի պատասխան հայկական Զինված ուժերի գործողությունների, բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում»։
Վարչապետն ասել էր, որ այս իրավիճակը առաջին հերթին կապված է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի հետ, հիշեցրել գարնանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի հինգ սկզբունքները, որոնք Հայաստանը ընդունել ու լրացրել էր իր առաջարկներով։ Ի տարբերություն Հայաստանի, ադրբեջանական կողմը կտրականապես մերժել է Երևանի առաջարկները՝ պնդելով, որ Ղարաբաղի հարցը փակված է։