Դեռ պարզ չէ, թե ինչպես է լուծվելու մարդկանց տարհանելու ու կացարանով ապահովելու հարցը

Սոթքում վնասված տներից մեկը, 13-ը սեպտեմբերի, 2022թ.

Չնայած Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարությանը, որ ադրբեջանական հարձակումից հետո ավելի քան 2500 մարդ է տեղահանվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 14 բնակավայրերից, այդուհանդերձ մինչև այս պահը կառավարությունը որևէ որոշում չի կայացրել ու չի հայտարարել՝ ինչպես է լուծելու ռազմական գործողությունների կիզակետում հայտնված մարդկանց տարհանելու ու կացարանով ապահովելու հարցը։ Օրինակ՝ գնդակոծվող Սոթքից մի կերպ ընտանիքով դուրս եկած մարդիկ «Ազատությանն» ասել են՝ քնելու տեղ անգամ չունեն:

«Մնացել ենք ավտոյի մեջ: Չենք դիմել, ո՞ւմ դիմենք, ո՞ւր է ղեկավարություն: Եկա՞ն, ասի՞ն` գոնե երկու օր ժամանակ տվեք, ժողովուրդ, ձեզ տուն ապահովենք, կամ վեշ տարեք, ոչ մի ժամանակ էլ չտվին: Միանգամից ռմբակոծեցին, սենց փախանք գիշերով ժամը 1-ին», - ասաց տեղացիներից մյուսը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տարհանման գործընթաց պաշտոնապես չի իրականացնում։ Նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանն ասում է՝ կացարանի խնդիր ունեցող մարդիկ անձամբ կարող են իրենց դիմել, նախարարության կայքում ու սոցցանցերի էջերում այսօր հեռախոսահամար են տարածել: Նա ասաց` այսօր այդպիսի դեռ մեկ զանգ են ստացել ու ընթացք տվել։

«Եթե եղել են քաղաքացիների կողմից տարհանումներ, դրանք եղել են իրենց կողմից, այդ պահի անվտանգության պայմանները գնահատելով` կազմակերպվել է գործընթացը, բայց տարհանում որպես այդպիսին նախարարության կողմից չի իրականացվում», - ասաց նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Տանն էինք, երբ արկն ընկավ, տունը փլվել է». Սոթքի բնակիչները տարհանվել են

Դիտարկմանը, որ կան մարդիկ, որոնք գիշերելու տեղ չունեն, խոսնակը պատասխանեց. «Նախարարության կողմից այսօր հայտարարություն տարածել ենք, ոչ միայն կացարանի հետ կապված, ցանկացած հարց, որը կվերաբերի առաջնային անհրաժեշտության խնդիրներին, կլինի դա սնունդ, հագուստ և այլն, բոլոր նրանք, ովքեր ունեն անհրաժեշտություն, կարող են դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Նախարարությունը որպես այդպիսին չի կազմակերպում, որովհետև պաշտոնապես տարհանման գործընթաց չկա»:

Արդյոք տուն-տեղը թողած, հապշտապ իրենց բնակավայրերը լքող մարդիկ ժամանակ ունեն գերատեսչությունների պաշտոնական էջերը փորփրելու և անհրաժեշտ տեղեկությունը գտնելու, արդյոք հենց պետությունը չպետք է առաջինը նրանց գտնի, այս հարցերին պետական մարմիններն առայժմ չեն էլ անդրադառում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրավիճակը Գեղարքունիքում շարունակում է լարված մնալ. բնակիչներից ոմանք մեքենայում են գիշերել

Մինչև այդ նաև Պաշտպանության ու Առողջապահության նախարարություններն են իրար հաջորդող հայտարարություններով կոչ արել կամավորներին դադարեցնել զինծառայողներին, հիվանդանոցներին կամ սահմանամերձ մարզերի բնակիչներին օգնություններ ուղարկելու ակցիաները։ Ասում են՝ դրա կարիքը չկա, հիվանդանոցներում լրացուցչ ծանրաբեռնվածություն է առաջանում դրանք ընդունելու համար։ Առաջարկում են՝ այդպիսի նախաձեռնություններն առաջին հերթին իրենց հետ քննարկել։

Մինչև գերատեսչություները կտարածեին այս հայտարարություները, լեզվաբանական համալսարանի ուսանողներն այսօր հերթական արկղերն էին կապում, որ սահման, հիվանդանոցներ ու տեղահանված բնակիչներին ուղարկեն։ Համակարգող Արման Հարությունյանն ասում է՝ դեռ նախորդ պատերազմի փորձից գիտեն, թե որքան շատ աջակցության կարիք են ունենում տեղահանված մարդիկ։

«Տարհանված ժողովուրդ ունենք, հիմա այդ խնդիրն էլի առաջանալու է, մենք փորձ ունենք արդեն անցած պատերազմից: Հիմա տարբեր շրջաններում կտանեն, որպեսզի բնակվեն, այդ մարդկանց մենք առաջին օգնությունն էլի կուղարկենք: Ընդեղեն ունենք, ձեթ, ունենք կամավորների շրջան, որ ինձ տեղեկացնում են` քանի բնակիչ կա, կամ գյուղապետարանի հետ ենք կապնվում, ըստ այդմ արդեն ուղարկում ենք օգնությունն այնտեղ: Իրենք ասում են թիվ, ասում են տարհանված, հիմա այս պահին չունենք, բայց պատրաստվում ենք, եթե կարիքը լինի, ասում են», - շեշտեց նա:

Ողջ օրվա ընթացքում «Ազատությունն» այդպես էլ չկարողացավ կապ հաստատել Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց ձորի մարզպետների հետ՝ հասկանալու, թե գնդակոծվող համայնքներից հաճախ նույնիսկ առանց անձնագրի ու առաջին անհրաժեշտության իրերի տնից դուրս եկած մարդիկ որտե՞ղ են ապրելու, եթե, օրինակ, չեն կարող բարեկամ -հարազատների տներում ապաստան գտնել կամ գումար չունեն՝ բնակարան վարձելու։

Իսկ ահա Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը հրաժարվեց հարցազրույցից, ասաց՝ զանգերով վտանգում ենք և՛ իրեն, և՛ մեզ, հորդորեց իր ֆեյսբուքյան գրառումենրին հետևել, որտեղ, սակայն, կրկին նույն տեքստն էր՝ ամեն ինչ արվում է։