Եղել են դիրքային փոփոխություններ, բայց ռազմական դրություն հայտարարելու կարիք չկա, վարչապետի հետ այսօրվա հանդիպումից հետո հայտարարում էր իշխող խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
«Գիտեմ, որ դիրքային փոփոխություններ կան, բայց ոչ մանրամասն, աշխարհագրական կոորդինատների վերաբերյալ որևէ տեղեկատություն չեմ կարող ներկայացնել: Գտնում ենք, որ ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն այս պահին չկա, որովհետև այս պահին ընթանում է սահմանային կոնֆլիկտ, որովհետև հրետակոծության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության սահմանային բնակավայրերը և սահմանային զորամիավորումների զբաղեցրած դիրքերը: Այսինքն՝ մենք այս պահին չենք կարող արձանագրել, որ որևէ էական տեղաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի զինուժի կողմից դեպի Հայաստանի տարածք խորանալու», - ասաց Արսենյանը:
Խորհրդարանը միջազգային հանրությանը կոչ արեց հասցեական դատապարտել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան
Վարչապետի ելույթից հետո խորհրդարանն այսօր ընդունեց ադրբեջանական հարձակման վերաբերյալ ԱԺ-ի հայտարարության նախագիծ՝ բացառապես իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» ձայներով։ Առանձին-առանձին առաջարկություններ ներկայացրած ընդդիմադիր երկու խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։ Իշխանությունը մերժել էր նախագծում ներառել նրանց առաջարկները։
Հայտարարության նախագծի հրապարակումից հետո տեղացին փոխադարձ մեղադրանքները։ Ընդդիմությունը չի սպասարկում պետության շահը, իշխանությունը դավաճան է, պետք է հեռանա։
Բայց մինչ ընդունված հայտարարության մասին. Խորհրդարանը միջազգային հանրությանը կոչ արեց հասցեական դատապարտել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, ՄԱԿ ԱԽ-ից ակնկալեց իրավիճակի անհապաղ քննարկում և համապատասխան գործողություններ։ ՀԱՊԿ-ից պահանջեցին կատարել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը ուղղված գործողություններ։ Նույն նպատակով դիմեցին նաև Ռուսաստանին` շուտափույթ իրագործելու Փոխադարձ օգնության պայմանագրում ամրագրված պարտավորությունները։
Թե ինչո՞ւ ընդդիմության հետ համաձայնությունը չկայացավ՝ կողմերի մեկնաբանությունները տրամագծորեն տարբեր են։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ ընդդիմադիր ամենամեծ՝ «Հայաստան» խմբակցության ներկայացրած առաջարկների փաթեթն ուղղակիորեն չէր վերաբերում սանձազերծված ագրեսիային, իսկ «Պատիվ ունեմի» առաջարկների մի մասն պատրաստ են եղել հաշվի առնել, բայց երբ ՊՈՒ-ը հրապարակեց դրանք, պարզվեց, որ ոչ մեկը չի ներառվել հայտարարության տեքստում։
«Մեզ համար չափազանց կարևոր էր այսօր դահլիճում ունենալ միասնականություն խորհրդարանական բոլոր խմբակցությունների միջև, ցավոք, դա չհաջողվեց», - ասաց Վլադիմիր Վարդանյանը:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նիստերի դահլիճի հարևանությամբ էր հանդիպել լրագրողներին. - «Սա ընդամենը հերթական շոուն էր, որը կազմակերպել է իշխող խունտան, իշխող խունտայի շահերից չէր բխում ստանալ հայամետ, Հայաստանի շահերից բխող ու ամենակարևորը հետևանքներ, մեր երկրի և Արցախի համար դրական հետևանքներ պարունակող հայտարարություն: Իրենց միակ նպատակը մեզնից քվեարկություն կորզելն էր, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկելը»:
«Պատիվ ունեմը» ողջ կազմով չէր եկել նիստերի դահլիճ, «Հայաստան» խմբակցությունից ղեկավար Սեյրան Օհանյանն ու քարտուղար Արծվիկ Մինասյանն էին ներկա քննարկմանը, բայց չմասնակցեցին քվեարկությանը։
«Մենք այս հայտարարությանը դեմ չենք, մենք ասում ենք՝ այն ամբողջական չէ և հետևաբար ոչ մի լուծում չի պարունակում իր մեջ: Եթե մենք ուզում ենք լուծում պարունակի, ապա պետք է հստակ, թիրախավորված ասենք: Ի վերջո, եթե մենք տրամադրված չլինեինք մեր պետականության պաշտպանության հարցով, այս կարևորագույն կետերը չէինք ասի, այլ պարզապես ինչպես որ անընդհատ քննարկում ենք այս հարցը, եկել ենք այստեղ և կասեինք՝ Նիկոլ Փաշինյան դու այսօր պետք է գաս հրաժարականով, ի դեպ, դա ամենաանկեղծ քայլը կլիներ», - նշեց Մինասյանը:
Երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ առաջարկել էին նախագծում ներառել իշխանության հռչակած խաղաղության դարաշրջանը քննադատող կետ։ «Պատիվ ունեմը»՝ այս հիմնավորմամբ՝ ստեղծված իրավիճակն ապացուցում է, որ խաղաղության դարաշրջանի մասին խոսակցությունները համարժեք չեն Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներին, «Հայաստանը»՝ հետևյալ՝ տեղի ունեցող ռազմական գործողությունները վերջնականապես բացահայտեցին, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի քաղաքականության սնանկությունը։ Հայտարարությունում նաև հետևյալ ձևակերպումն էին ուզում տեսնել, որ Ազգային ժողովը գտնում է՝ Ադրբեջանի հետ հետագա բանակցությունները կարող են շարունակվել միայն Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի լիակատար դուրսբերման, հայ ռազմագերիների վերադարձի պայմաններում։
Այս կետով, ըստ ԱԺ իշխանական նախագահ Ալեն Սիմոնյանի, ասում են՝ դուրս գանք Ադրբեջանի հետ բանակցություններից։
«Դուրս գա՞նք, լո՞ւրջ, բա ի՞նչ անենք, էլի երկու հոգով գնալու եք սահման պահե՞ք», - ասաց Սիմոնյանը:
Նա այսօր ընդդիմությանը հորդորեց չգալ դահլիճ, քանի որ անգամ այս իրավիճակում, ըստ Սիմոնյանի, չեն կարողանում սպասարկել ՀՀ շահը. - «Ի՞նչ պիտի լինի, որ էս դահլիճում ձեր օրակարգը սպասարկվի, Հայաստանը գրավեն վերջնականապես, բոլորս մեռնենք, ի՞նչ պիտի լինի, որ դուք գաք դահլիճ, ո՞րն ա ձեր օրակարգը, ուզում եմ հասկանամ, կամ դուք խի՞ եք եկել, ուզում եմ էդ էլ հասկանամ»:
Իշխան Սաղաթելյանը վարչապետին կոչ արեց հեռանալ
«Հայաստան» խմբակցությունից, ԱԺ նախկին փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ լռելով օգուտ չեն տա, ուստի կարծում են՝ բոլոր հարցերի մասին պետք է խոսվի։ Լրագրողների հետ զրույցում վարչապետին կոչ արեց հեռանալ, կարծիք հայտնեց, որ պետք է նախկին ղեկավարները իրավիճակից ելքեր առաջարկեն:
«Վիճակն օրհասական է, սկսած հայոց վեհափառից վերջացրած նախկին նախագահներից, արտաքին գործերի բոլոր նախարարներից, գլխավոր շտաբի պետերից, պաշտպանության նախկին նախարարներից, պետք է հավաքվենք մի սեղանի շուրջ, կարող ուժերը պետք է համախմբվեն ընդունեն համապատասխան որոշումներ, առնվազն հանդես գան հայտարարության տեքստով, առաջարկեն լուծումներ ինչպես կարելի է այս իրավիճակից դուրս գալ, որովհետև այս մարդիկ ի վիճակի չեն ղեկավարելու մեր երկիրը, պետք է հեռանան. ո՛չ պատերազմ վարել գիտի, ո՛չ բանակցություն վարել գիտի, հետևողականորեն տանում է երկիրը դեպի անդունդը», - հայտարարեց Սաղաթելյանը:
«Շատ կարևոր է, որպեսզի մեր բոլոր դաշնակիցները գիտակցեն, որ ամեն վայրկյան հապաղումը հայի արյուն է», - ասաց Մամիջանյանը:
Եթե Հայկ Մամիջանյանը դեռ վաղ համարեց գնահատել Ռուսաստանի այս պահի արձագանքը, Իշխան Սաղաթելյանը ավելի հստակ էր. անբավարար համարեց միջազգային հանրության արձագանքն ագրեսիային։
«Համապատասխան չեն իրավիճակի բարդությանը, այսինքն, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք չորս կողմերից ներխուժում են թշնամական զորքեր, միջազգային հանրությունը մինչև այժմ բավարարվում է լոկ հերթապահ հայտարարություններով», - ընդգծեց Սաղաթելյանը: