ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցներում փոխանցել է, որ «Միացյալ Նահանգները կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները հայ - ադրբեջանական սահմանի երկայնքով»: Այդ մասին Պետքարտուղարը տեղեկացնում է Թվիթերում արած գրառումներով:
Պետդեպարտամենտի հաղորդագրությունների համաձայն՝ Բլինքենը երկու պետությունների ղեկավարների հետ հեռախոսազրույցներում «մտահոգություն է հայտնել սահմանի երկայնքով մարտական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանում հրետակոծության առնչությամբ», իսկ Ադրբեջանի նախագահին «հորդորել է դադարեցնել մարտական գործողությունները»:
Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, իր հերթին, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները փորձում է հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախումների անհապաղ դադարեցման։
Փրայսը տեղեկացրել է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ պետքարտուղարի հեռախոսազրույցների մասին՝ նշելով, որ Բլինքենը «խորը մտահոգություն է հայտնել ռազմական գործողությունների առնչությամբ և ուշադրություն հրավիրել Հայաստանում ռմբակոծությունների մասին հաղորդումների վրա»։
Ըստ Պետդեպարտամենտի խոսնակի, պետքարտուղարը նաև երկու առաջնորդներին փոխանցել է, որ «Միացյալ Նահանգները կհասնի ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության դադարեցման»։