Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:
Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի, Փաշինյանը հայտնել է, որ Ադրբեջանը կեսգիշերից սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ սահմանի տարբեր ուղղություններով։ Խոր մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակով՝ Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտությունը:
Այսօր Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, «մանրամասներ փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ կեսգիշերից սկսված սադրիչ, ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, որոնք ուղեկցվել են հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակահերթերով»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին