Երկու օր առաջ հայրենադարձված գերիները թե՛ վկայի և թե՛ տուժողի կարգավիճակ են ստացել

Հայաստան վերադարձած բոլոր 5 գերիները թե՛ վկայի և թե՛ տուժողի կարգավիճակ են ստացել երեկ Քննչական կոմիտեում գրեթե 10 ժամ տևած հարցաքննությունից հետո, «Ազատությանը» հայտնեց Քննչական կոմիտեի մամլո խոսնակը։

Ռազմագերիներից չորսը Շիրակի մարզից էին, գերեվարվել էին Արցախի Խծաբերդի դիրքերից` 44-օրյա պատերազմի ավարտից հետո, իսկ մեկը` Էդիկ Հովսեփյանը` 2021-ի նոյեմբերի 16-ին` Սյունիքի Իշխանասարի հատվածում իրավիճակի սրման ժամանակ:

Այս վերջին միջադեպի արդյունքում գերեվարված, ապա հայրենադարձված 26 զինվորականներից 6-ին մեղադրանք էր առաջադրվել։ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ մարտական դիրքի վրա հարձակված ադրբեջանցի զինծառայողներին վնասազերծելու, զինաթափելու փոխարեն հայ զինվորականները փորձել են բանակցություններ վարել դիրքի պահպանության տարածք ներխուժած հակառակորդի հետ։ Ըստ քննիչների, դիրքերի անձնակազմը թողել էր մարտական դիրքերն ու դիմել փախուստի, ինչի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են Հայաստանի տարածք և գրավել հայկական դիրքերը։

Մեղադրյալներից մեկի՝ դիրքի ավագ, ջոկատի հրամանատար Արեն Արամյանի փաստաբան Արա Կարապետյանն ասում է՝ հնարավոր է մեկ ամսից ավարտվի նախաքննությունն ու գործը գնա դատարան, բայց միևնույն է՝ համոզված է, թե բոլոր փաստերն իր պաշտպանյալի օգտին են, և եթե ոչ նախաքննության ընթացքում, ապա դատարանում նա կարդարացվի։

«Արեն Արամյանը, ինչպես վայել ա հային, ինչպես վայել ա հայ զինվորին, կռվել ա մինչև վերջ, վիրավորվել ա, նաև մենք ունենք անհերքելի փաստեր դրա հետ կապված և որևէ մեկը չի կարող, այդ թվում նաև նախաքննական մարմինը, դա միգուցե սուբյեկտիվ կարծիքն է, բայց ես հիմնվում եմ իմ մոտ եղած փաստերով, որ Արեն Արամյանը հետնահանջ ա կատարել կամ հետնահանջի հրաման ա տվել: Արեն Արամյանը ոնց որ վայել ա հայ զինվորին, կռվել ա ադրբեջանցում դեմ», - ասաց փաստաբանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նախկին ռազմագերի Արամյանի ցանկությունն է` առողջանա, վերադառնա ծառայությանԽծաբերդի գումարտակի հրամանատարը չի ընդունում դատախազության եզրակացությունը

Իսկ Խծաբերդից գերեվարումը տեղի էր ունեցել 44-օրյա պատերազմից հետո՝ դեկտեմբերին։ 62 շիրակցի պայմանագրային էր գերի ընկել, ևս 9-ը՝ զոհվել էր։ Խծաբերդ և Հին թաղեր գյուղերն էլ անցել էին Ադրբեջանին։

Անցած ավելի քան մեկուկես տարում Բաքուն նրանց կեսին վերադարձրել էր, մյուսներին՝ ծանր մեղադրանքներով երկարատև կալանքի դատապարտել։ Խծաբերդի և Հին թաղերի կորստի գործով ևս քրեական վարույթ է հարուցված։ Գումարտակի հրամանատար Արսեն Ղազարյանը մեղադրվում է մարտադաշտը լքելու, վերադասի հրամանները չկատարելու և ծառայությանն անփույթ վերաբերվելու համար։

Հինգշաբթի երեկոյան հայրենադարձված 5 ռազմագերիները վկա են այս քրեական գործերով ու նաև ունեն տուժողի կարգավիճակ գերության ընթացքում «նրանց նկատմամբ տեղի ունեցած ագրեսիվ գործողությունների մասով»։ Քննչականից չեն հստակեցնում՝ ինչ ագրեսիվ գործողություններ են տեղի ունեցել։

Երեկ հայրենադարձված բոլոր 5 գերիները հոսպիտալում են եղել, բուժզննում անցել, որևէ մեկն այժմ հիվանդանոցային պայմաններում բուժում չի ստանում։ Երեկ երկարատև հարցաքննությունից հետո նրանք վերադարձել են տուն։

Այսօր գյումրեցի Վարազդատ Մանուկյանի հայրը՝ Անուշավան Մանուկյանն «Ազատությանն» ասաց՝ որդին առողջական խնդիրներ չունի։ Հյուրեր են ընդունում, իրենց ուրախությունը նրանց հետ կիսում։

«Շատ լավ վիճակում է, ոչ մի բանի խնդիր չունի, ժամանակ էլ չենք ունեցել հլը որ առանձին զրուցելու նույնիսկ, որովհետև հյուրեր ընդունել, կարգավորելու հետ ենք», - ասաց Մանուկյանը:

Ուրախ են նաև վանաձորցի Էդիկ Հովսեփյանի ընտանիքում. - «Ինքը իրան շատ լավ ա զգում, մենք էլ ենք մեզ լավ զգում, ուղղակի մենակ ցանկանում ենք, որ մնացածն էլ, բոլորը շատ շուտ գան, էդ զգացողություններն ա մեր մոտ, որ չենք կարողանում լիարժեք ուրախանանք, որ գիտենք՝ ընդեղ էլի մարդ կա»:

Մինչև այժմ Ադրբեջանից 155 գերի է հայրենադարձվել։ Ադրբեջանի կողմից հաստատված 33-ը դեռ իրենց բանտերում են։ Հայաստանյան իրավապաշտպանները կարծում են, որ այս թիվն իրականում ավելի մեծ է։