Իշխանասարի մարտական դիրքում վիրավորում ստացած, գերեվարված, Հայաստան վերադառնալուց հետո էլ կալանավայր տեղափոխված Արեն Արամյանը մեկ ցանկություն ունի` ոտքը լավանա, վերադառնա իր ծառայությանը: Վիրավորված է, ոչինչ. «Երկիրը կապ չունի ոչ մի բանի հետ»:
Ենթասպա, դիրքի ավագ Արամյանը հիմա մեղադրյալ է, մեղադրվում է մարտական ծառայության կանոնները խախտելու համար, մինչև երեկ կալանքի տակ էր, այժմ վերականգնողական բուժում է ստանում ֆիզոթերապիայի մասնագետների հսկողությամբ:
«Հիմա մկաններ ունեմ, որ այս պահին կոնկրետ չեն աշխատում` ոտքիս տակը չեմ զգում ընդհանրապես, կամացից կլավանամ էլի երևի», - ասում է նա:
Ծնկի միջով գնդակ է անցել նոյեմբերի 16-ին Իշխանասարի մարտական դիրքում: Գերեվարման ժամանակ Ադրբեջանում նրան երկու անգամ վիրահատել են` նախ Գյանջայում, ապա Բաքվում: Հայաստան վերադառնալուց 10 օր անց դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել: Փաստաբանը պարբերաբար ահազանգում էր` զինծառայողի առողջական վիճակը գնալով վատթարանում է, կարող է ցմահ հաշմանդամ մնալ:
Երեք ամիս վիրավոր վիճակում «կալանավայրում անցկացնելս չպետք է անհետևանք մնա», ասում է Արենը. նրա ցանկությունն է, որ բացահայտվի, թե ինչու և ինչպես ադրբեջանցիները զբոսնելով մտան Իշխանասարի հայկական դիրքեր, բայց իր կալանքը համարում է անարդար. «Բաքվից գալիս ես, պիտի հասկանաս` տունը որն է, ընտանիքը որն է, բռնում, ձերբակալում են»:
Ենթասպան ինքը հարցեր ունի` շուրջ երկու օր հայկական 3 դիրքեր շրջափակման օղակի մեջ էին, վաշտի, գումարտակի հրամանատարներն ու նրանց վերադասները` բոլորը տեղյակ էին, որ նույնիսկ սննդի խնդիր ունեն. «Ամսի 14-ից շրջափակման մեջ ընկանք, մեր ներքևի 4 պոստը վերցրեցին, 2 օր շրջափակման մեջ էինք, ու ոչ մի բան չէին բերում մեզ համար»:
16-ի առավոտյան ադրբեջանցիների ձայներն արդեն լսելի էին: Ըստ Քննչական կոմիտեի` մարտական դիրքի վրա հարձակված ադրբեջանցի զինծառայողներին վնասազերծելու, զինաթափելու փոխարեն` հայ զինվորականները փորձել են բանակցություններ վարել, դիրքերի անձնակազմերը թողել են մարտական դիրքերն ու դիմել փախուստի, որի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք:
Արեն Արամյանը պնդում է` իր անձնակազմը, այո, խուճապի մեջ է ընկել ու լքել դիրքը, թեպետ փրկիչ ճանապարհ չկար, արդեն ասել էր` շրջափակման մեջ են եղել, ու ի վերջո իր անձնակազմն էլ գերեվարվել էր. «Իմ անձնակազմը, ես չեմ հասկանում` խի իջավ, որովհետև մենք երկու օր գտնվում էինք երևի 2.5 կմ շառավիղով հակառակորդի մեջտեղում, ճանապարհ չկար` հասնելու մեր դիրքեր, չկա տենց տարբերակ, որ իջնեին, հասնեին հայի պոստ, սաղ իրենք էին արդեն»:
Դիրքի ավագը պնդում է` ինքը մնացել է դիրքում, մարտ վարել մինչև վիրավորում ստանալը. «Տարբեր տեղերից էի կրակում, քանի որ մառախուղ էր, մի բան էլ իմ օգտին էր, տարբեր տեղերից կրակելով` այնպես էի անում, որ թուրքերը պատկերացնեին, թե մարդ կա հլը էդ պոստերում»:
Այս իրավիճակում դիրք պահելը համարում է հեքիաթային վերջաբանով մարտաֆիլմի սյուժե. «Կինո պիտի նկարես, որ կինոյի տղեն հաղթի»:
Արենը վիրավոր ոտքով մեկ օր մնացել է, իր պատկերացմամբ, Սիսիանից ոչ հեռու ադրբեջանական մի դիահերձարանի հատակին. «Ես տեսնում էի` այդ դիակներին ոնց էին բերում, հատուկ սառնարաններ կային, դնում էին այդտեղ, մեզ էլ` գետնին քցած»:
Հետո է ադրբեջանական կողմը նրան տեղափոխել Գյանջա, ապա Բաքու՝ վիրահատությունների: Իշխանասարի նոյեմբերյան մարտերում գերեվարված ու հայկական կողմին վերադարձված զինծառայողներից 8-ը այժմ մեղադրյալի կարգավիճակ ունեն:
«Սա խոշտանգում է, ինձ համար էդ է մենակ, ուրիշ ոչ մի բան», - ասում է Արեն Արամյանի կինը` Արմինեն:
Իշխանասաարի հայկական դիրքերը որքանով էին կահավորված ու ապահովված, այս մասին Արեն Արամյանը շատ բան չի ասի… Կինը պատմում է, որ կա ձայնագրություն, որտեղ պարզ լսվում է, որ ամուսինը մարտ է վարում, հընթացս հետ կանչում իր զինվորներին: Ձայնագրությունը կնոջն էին տվել` որպես հիշատակ` կարծելով, թե Արենը զոհվել է. «Դրա մեջ պարզ երևում է, որ Արենը մարտ է վարել մենակով, ինքը խոսում է իր հրամկազմի հետ, ասում է, որ մենակ է մնացել, որ սաղ գնացել են, փախել են, նույնիսկ հետևներից անուն առ անուն գոռում է, հայհոյանք էլ է հնչում»:
Հենց Իշխանասարի դիրքերից մի քանի տասնյակ զինծառայողների գերեվարումից ու դիրքերի կորստից հետո վարչապետ Փաշինյանը խոսեց գերեվարման հանգամանքները պարզելու անհրաժեշտության մասին: Ինչո՞ւ են դատում զինվորին, որ մարտ է վարել մինչև անօգնական դառնալը, մինչև վիրավորելը, հարցնում է Արմինե Արամյանը. «Այդ ձևի զինվորին», իր խոսքերն եմ ցիտում, «ոչ մի պրիտենզիա չի կարող լինել»: Զինվորի մասին էր խոսքը, ո՞նց եղավ բա»:
Իշխանասարի մարտական հերթապահություն իրականացրած մի շարք պատասխանատու զինծառայողների, այդ թվում` Արամյանի քրեական գործը դեռևս նախաքննության փուլում է:
Զինծառայողն այսօր վիրավոր ոտքը գետնին է դնում առաջին անգամ՝ նոյեմբերի 16-ից հետո` հույսով, որ դարձյալ քայլելու է զինվորականի պես:
Մեջքդ ուղիղ, հրահանգում է բժիշկ Խաչերեանը…