Ազգային ժողովի ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարում են՝ կշարունակեն բոյկոտել Ազգային ժողովի նիստերը։
«Բոյկոտի հետ կապված մեր որոշումը փոփոխության չի ենթարկվել», - «Ազատությանն» ասաց «Պատիվ ունեմի» պատգամավոր Տիգրան Աբրահամյանն՝ ընդգծելով՝ ուժի մեջ է մայիսից ունեցած դիրքորոշումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի դրոշը` ԱԺ ամբիոնին. ընդդիմությունը բոյկոտում է քառօրյան` մեկնելով ԱրցախԱբրահամյանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովի սեպտեմբերի առաջին նիստի օրը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հետ մասնակցելու են «Հայաստանի և Արցախի իրական օրակարգի հետ կապված հանրային մեծ քննարկման»։
«Հայաստան» խմբակցությունն էլ գործադիր իշխանությանն ու, ինչպես իրենք են բնորոշել, «իր կցորդ խորհրդարանական մեծամասնությանը» մեղադրելով Ազգային ժողովի բնականոն աշխատանքը տապալելու մեջ՝ ևս հայտարարել է, որ չեն մասնակցելու «ոչ առաջնային, հաճախ էլ արհեստական օրակարգերով լեցուն» ԱԺ և նրա հանձնաժողովների նիստերին։
Խմբակցությունը նշել է, որ ժողովրդի կողմից ստացած մանդատն օգտագործելու են՝ «հանրային իրական հետաքրքրություն ու հնչեղություն ունեցող թեմաներով լսումների կազմակերպման, գործող իշխանությունների ապազգային, հակապետական նախաձեռնությունները, նրանց կողմից երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու անկարողությունը, կոռուպցիոն երևույթները, դատաիրավական համակարգի ամենաթողությունը, մարդու իրավունքների և ժողովրդավարության խախտումները բացահայտելու և դրանց դեմ պայքարի ուղղությամբ»:
«Մենք համոզված ենք, որ իշխանափոխությունն այն անհրաժեշտ նվազագույն պայմանն է, որի դեպքում է միայն հնարավոր լուծել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները, հաղթահարել մարտահրավերները, փակել պարտության էջը, դուրս գալ այս նվաստացած վիճակից», - ասված է խմբակցության հայտարարությունում:
Ազգային ժողովի ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ Արցախը փրկելու և Փաշինյանին հեռացնելու կոչերով մայիսից փողոցային պայքարի մեջ էին՝ վրաններ տեղադրելով Երևանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի հրապարակում։ Մեկուկես ամիս փողոցային պայքարից հետո ընդդիմադիրները հայտարարեցին պայքարի մարտավարությունը փոխելու մասին և դադարեցրին նստացույցը։ Հետո պատգամավորական մանդատները վայր դրեցին «Պատիվ ունեմի» ղեկավար Արթուր Վանեցյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Ընդդիմությունը պայքարը սկսել է Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Նրանք պնդում են՝ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմությունը կրկին փողոց է դուրս գալիս. հանրահավաքներն ու բողոքի ցույցերը սեպտեմբերից կշարունակվեն