Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Լիզ Թրասին՝ Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ։
Թագուհու վախճանը մեծ ցավ և կորուստ է ոչ միայն բրիտանացիների, Ազգերի համագործակցության ժողովուրդների, այլև ամբողջ համաշխարհային հանրության համար, իր ուղերձում ասել է վարչապետը՝ նշելով՝ 70-ամյա ղեկավարման երկար և փորձություններով լի տարիներին Նորին Մեծությունն իր իմաստությամբ, խոհեմությամբ և բարեսիրությամբ անգնահատելի ավանդ ու ներդրում է ունեցել Միացյալ Թագավորության զարգացման գործում, ինչպես նաև անջնջելի հետք թողել համաշխարհային պատմության մեջ։
«Նրա լուսավոր կերպարը մշտապես խորհրդանշել է ուժեղ պետական գործչի, միևնույն ժամանակ՝ մայրության, կանացիության, ավանդույթների ներդաշնակ միահյուսումը։ Պատմության գրեթե մի ողջ դարաշրջան մարմնավորող թագուհին վառ կմնա մեր բոլորի հուշերում։ Այս դժվար պահին հայ ժողովուրդն աղոթում է բրիտանացի ժողովրդի հետ միասին և կիսում նրա ցավն ու կսկիծը», - մասնավորապես ասել է Փաշինյանը։
Եղիսաբեթ Երկրորդը վախճանվել է երեկ։ Թագուհու մահվան կապակցությամբ սուգ է հայտարարված: Անցյալ տարվա հոկտեմբերից 96-ամյա թագուհին առողջական խնդիրներ ուներ, որոնց պատճառով դժվարանում էր քայլել և կանգնել:
Նա Մեծ Բրիտանիայի ամենաերկարակյաց միապետն էր, երկիրը ղեկավարում էր ավելի քան 70 տարի։
Եղիսաբեթ Երկրորդի որդին` Ուելսի նախկին արքայազն Չարլզը կստանձնի երկրի ղեկավարի և թագավորի պաշտոնը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Լոնդոնի կամուրջը փլուզվել է», գալիս է «Գարնանային ալիքը»