Գլխավոր դատախազությունն այսօր հաստատեց շաբաթներ շարունակ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, որոնց համաձայն Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի դեմ միջազգային հետախուզումը դադարեցվել է:
Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։ Նա հետախուզվում է 2020 թվականի մարտից, և հենց այդ ժամանակ էլ, ըստ դատախազության, հայկական կողմը Ինտերպոլին ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերն ու հիմնավորումները՝ միջազգային հետախուզում հայտարարելու համար:
Բայց, երկու ամիս առաջ, Ըստ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի, Ինտերպոլը միջազգային հետախուզումը դադարեցրել է` Մինասյանի ներկայացրած դիմումի քննարկման արդյունքում:
Թե ինչ փաստաթղթեր է ներկայացրել Միքայել Մինասյանը, հստակ չէ, դրանից տեղյակ չէ անգամ դատախազությունը: Փաստացի, ըստ այսօր տարածված հաղորդագրության, դատախազությունը, միայն լրատվամիջոցների հրապարակումներից հետո է «օպերատիվ» քայլեր ձեռնարկել, և ոստիկանությունից տեղեկացել, որ «Ինտերպոլը 2022թ. հուլիսի 7-ից դադարեցրել է Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը»:
Դատախազության հաղորդագրությունը չի մանրամասնում, թե երբ է Հայաստանի ոստիկանությունը Ինտերպոլից ստացել հետախուզումը դադարեցնելու որոշումը, ստանալուց հետո ինչ քայլեր է ձեռնարկել, և ինչու է Գլխավոր դատախազությունը մամուլի հրապարակումներից հետո միայն տեղեկացել այս մասին:
Դատախազությունը միայն պնդում է, թե «սկսել է կոնկրետ միջոցներ ձեռնարկել հետախուզումը դադարեցնելու հիմքերը պարզելու և դրանից բխող համապատասխան նոր ընթացակարգեր նախաձեռնելու ուղղությամբ»:
Թե կոնկրետ ինչ միջոցների մասին է խոսքը, ինչ են ենթադրում նոր ընթացակարգերը, հստակ չէ: Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից «Ազատությանն» այսօր մեկնաբանություններ չտվեցին՝ առաջարկելով դիմել ոստիկանություն, որտեղից, սակայն, հրաժարվեցին որևէ հարցի պատասխանել՝ հորդորելով պատասխանները ստանալ դատախազությունից: Դատախազությունն իր հերթին հայտարարում է, թե ոչինչ չգիտի և դեռ նոր է քայլեր ձեռնարկում`մանրամասները պարզելու համար:
Ինքը, Մինասյանը, որն ինչպես պարզվում է երկու ամիս առաջ հաջողել է համոզել Ինտերպոլին դադարեցնել իր նկատմամբ միջազգային հետախուզումը, վերջերս սոցիալական ցանցերում ընտանիքի հետ ժպտադեմ լուսանկար էր հրապարակել՝ առանց գտնվելու վայրը հստակեցնելու։ Նրա փաստաբան Միհրան Պողոսյանը ևս որևէ մեկնաբանություն մեզ չտվեց։ Մինասյանի փաստաբանները մինչ այդ բազմիցս են պնդել, թե նա ներկայացված մեղադրանքները չի ընդունում։
Վարչապետ Փաշինյանը դեռ 2020 թվականին էր պնդել, թե Մինասյանը պետք պատասխանատվության ենթարկվի թալանի համար. - «Բա էդ լրատվամիջոցները ինչո՞վ ա ֆինանսավորել Միքայել Մինասյանը։ Երբ որ ասում ենք Սերժ Սարգսյանի կոռումպացված գործունեության մասին, նկատի ունենք, որ ինքը գնացել անձամբ ստեղ-ընդեղ փայ ա մտե՞լ... Հանքարդյունաբերությունից սկսած, էներգետիկայից սկսած, լրատվական դաշտից սկսած, գովազդային դաշտից սկսած... որևէ մեկը կասկածում ա, որ Միքայել Մինասյանը միլիոնատեր է այսօր, միլիոնատեր է այդ թվում պետական լծակների կիրառմամբ և օգտագործմամբ։ Եվ մենք մինչև էսօր համենայն դեպս չենք ունեցել բավարար իրավական ընթացակարգեր այդ սեփականությունը հետ բերելու համար»։
Մինասյանի դեմ քրեական գործ հարուցելուց ամիսներ անց իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պնդել էր․ - «Մեր այթիշնիկները վերականգնել են ֆայլերը։ Խուզարկություններից մեկի ժամանակ գտնվել է Մինասյանի հին համակարգիչը, որից հնարավոր է եղել վերականգնել ջնջված 9000 ֆայլերը»։
Ըստ պատգամավորի, դրանցում եղել է տեղեկություն, թե «Մինասյանը ում ինչքան փող է տվել, ումից ինչքան փող է ստացել, ումից ինչ ու ինչպես է խլել, ընտրությունների արդյունքները ինչպես է կեղծել, ում միջոցով, ինչ հնարքներով, ում ոնց է առել»։
Իրավապահ մարմինները չեն հստակեցնում, թե երբ է Մինասյանը երկրից հեռացել: Ավելի վաղ նա հայտարարել էր, իբր Հայաստանի վարաչպետը Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի միջոցով իրեն առաջարկել է գործարքի գնալ` քրեական գործերը փակել քաղաքականությունից հեռանալու խոստումների դիմաց: Փաշինյանը, արձագանքելով այս մեղադրանքներին, երկու տարի առաջ խորհդարանում հայտարարել էր, թե իրավապահ մարմինները դրանցով զբաղվում են», և կպատասխանեն բոլոր հարցերին։
Անցած երկու տարում, սակայն, այս գործով առաջընթացի կամ բացահայտումների մասին իրավապահ մարմինները որևէ հաղորդագրություն չեն տարածել։