Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը մանրամասներ է հրապարակում Միքայել Մինասյանի գործից


Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) այսօր նոր մանրամասներ է հաղորդել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին առնչվող քրեական գործի մասին՝ հայտարարելով, թե Միքայել Մինասյանի և նրա մերձավորների տիրապետության տակ գտնված ֆինանսական միջոցների մասին հայտնաբերված տեղեկատվությունը աննախադեպ է Երրորդ հանրապետության պատմության իրավապահ համակարգի պատմության համար։

Հետախուզման մեջ գտնվող և պարբերաբար խոհանոցից իշխանությունների հասցեին քննադատական տեսանյութեր տարածող Միքայել Մինասյանին ամիսներ առաջ մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածով՝ ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքը օրինականացնելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում։

Ըստ ՊԵԿ-ի, հիմնավորվել է, որ Միքայել Մինասյանը, ով «Հանրային ծառայության մասին» օրենքով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ուներ, 2017-2018-ի ընթացքում միլիոնավոր դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էլ էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվել։ Այսինքն՝ Միքայել Մինասյանն ապօրինի հարստացել է, հայտարարում է Պետական եկամուտների կոմիտեն։ Բացի դրանից, Մինասյանը հայտարարագրերում թաքցրել ու չի հայտարարագրել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի տվյալներ, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույք, նշված է ՊԵԿ հաղորդագրությունում:

Քննությունը պարզել է նաև, որ Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպանը 2012-2018 թվականներին կասկածելի աղբյուրներից ստացած խոշոր ֆինանսական միջոցներով, քողարկված եղանակով, Շոտլանդիայում հաշվառված օֆշորային «Ուոլտեքս Էքսպրես Էլ Փի» կազմակերպության միջոցով և ապա իր մտերիմներից Ռոզա Ստեփանյանի միջոցով, վերջինիս օժանդակությամբ հանդիսացել է «Սպայկա» ընկերության 49 տոկոս բաժնեմասի փաստացի բաժնետերը, որի վերաբերյալ տվյալները չի ներառել հայտարարագրերում։ Միևնույն ժամանակ, մեղադրյալ է ներգրավվել նաև Ռոզա Գևորգի Ստեփանյանը՝ Մինասյանին օժանդակելու համար։ «Քրեական գործի նախաքննության շրջանակում միջոցներ են ձեռնարկվում մեղադրյալների և մյուս հնարավոր հանցակիցների կողմից կատարված հանրորեն վտանգավոր արաքների բոլոր հանգամանքները բացահայտելու, անձանց, կազմակերպությունների և պետությանը պատճառված վնասները, ինչպես նաև հասարակական արդարությունը վերականգնելու ուղղությամբ», - փոխանցում է ՊԵԿ-ը:

Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Անցած շաբաթ վերաքննիչ քրեական դատարանի կողմից Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը վերացնելուց հետո կանխատեսել էինք, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող համակերպվել այս իրավիճակի հետ, և օրերի ընթացքում Միքայել Մինասյանին կառաջադրվի նոր մեղադրանք՝ նույնքան անհիմն, սակայն ավելի հնչեղ: Կանխատեսումը կարճ ժամանակում դարձավ իրականություն», - գրում է Մակինյանը։

Մյուս փաստաբանը՝ Միհրան Պողոսյանն էլ օրեր առաջ «Ազատության» հետ զրույցում նշել էր՝ առհասարակ մեղադրանքն անհիմն է։

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր ֆեյսբուքում անդրադառնալով Մինասյանի քրեական գործին՝ պնդել է, թե խուզարկություններից մեկի ժամանակ գտնվել է Մինասյանի հին համակարգիչը, որից հնարավոր է եղել վերականգնել ջնջված 9000 ֆայլերը։

Ըստ պատգամավորի՝ դրանցում եղել է տեղեկություն այն մասին, թե «Մինասյանը ում ինչքան փող է տվել, ումից ինչքան փող է ստացել, ումից ինչ ու ինչպես է խլել, ընտրությունների արդյունքները ինչպես է կեղծել, ում միջոցով, ինչ հնարքներով, ում ոնց է առել»։

«Ազատության» հարցին՝ որտեղի:ց պատգամավորին նախաքննական տվյալներ, Հակոբյանը պատասխանեց. «Ես չեմ մանրամասնի՝ որտեղից ինձ տվյալները, իսկ այդ տվյալների հրապարակման հետ կապված ավելացնելու ոչինչ չունեմ, այնտեղ շատ պարզ, հստակ ամեն ինչ գրված է: Միանշանակ պնդում եմ, որ դրանք հավաստի, ստուգված փաստեր են»:

Վերաքննիչ քրեական դատարանն օրեր առաջ վերացրել էր Սերժ Սարգսյանի փեսային կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։

XS
SM
MD
LG