«Մի եկեք Էստոնիա շենգենյան վիզաներով, ձեզ այստեղ չեն ողջունում». երկրի ԱԳ նախարարը՝ ռուսներին

Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալու, արխիվ

Սեպտեմբերի 19-ից Էստոնիան ամբողջությամբ կսահմանափակի ցամաքային սահմանի հատումը շենգենյան վիզա ունեցող ռուսաստանցիների համար։ Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն։

«Էստոնիայի քաղաքական կամքն է, որպեսզի սեպտեմբերի 19-ին ժամը 00:00-ից ուժի մեջ մտնի ՌԴ քաղաքացիների համար Էստոնիա մուտքի արգելքը։ Դա վերաբերում է այն ռուսաստանցիներին, ովքեր ունեն Էստոնիայի, ինչպես նաև Եվրամիության այլ երկրների կողմից տրված վիզաներ։ Լիտվան, Լատվիան և Լեհաստանը նույնը արգելքը կկիրառեն նույն պահից», - ասել է Ռեյնսալուն Տալլիննում կայացած մամուլի ասուլիսում։

«Մի եկեք Էստոնիա շենգենյան վիզաներով, ձեզ այստեղ չեն ողջունում», - դիմելով ռուսներին՝ ասել է Ռեյնսալուն։

Ավելի վաղ Բալթյան երկրները համատեղ հայտարարություն էին տարածել՝ սահմանը հատող ռուս զբոսաշրջիկներին անվանելով «հանրային անվտանգության սպառնալիք»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բալթյան երկրները սահմանի հատման սահմանափակումներ են մտցնում շենգենյան վիզայով ռուսաստանցիների համար

Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման ֆոնին Ռուսաստանին սահմանակից երկրները Եվրահանձնաժողովից պահանջել են միջոցներ ձեռնարկել ռուս զբոսաշրջիկների մուտքը սահմանափակելու համար։

Սեպտեմբերի 1-ին Պրահայում Եվրամիության նախարարների հանդիպման ժամանակ այդ պահանջը մերժվեց նախ և առաջ Արևմտյան Եվրոպայի երկրների՝ այդ թվում Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Կիպրոսի ներկայացուցիչների կողմից:

Փոխարենը ԵՄ-ը համաձայնել է չեղարկել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը՝ բարդացնելով ռուսաստանցիներին վիզա տրամադրելու գործընթացը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրահանձնաժողովը հաստատեց Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրից հրաժարվելու որոշումը