Մեղադրյալ դառնալուց օրեր անց էլ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, որին արգելվել է բացակայել երկրից, չի անդրադարձել պատերազմի հանգամանքներին առնչվող քրեական գործին։ Նրա փաստաբան Արսեն Սարդարյանը ևս հրաժարվեց հարցազրույցից՝ «Ազատությանը» փոխանցելով, որ պաշտպանյալից դեռևս թույլտվություն չունի այս թեմայով որևէ հարցի պատասխանելու։
Պատերազմի օրերին Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած ու ծանր վիրավորումից հետո պաշտոնից ազատված 47-ամյա գեներալին առաջադրված` ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեղադրանքի մի դրվագը վերաբերում է Ֆիզուլիում 20 զինվորների զոհվելու հանգամանքներին։ Այս զինվորների ծնողները դեռ մեկ տարի առաջ էին պահանջում հարցաքննել Հարությունյանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջալալ Հարությունյանը պետք է կալանավորվի, պնդում է զոհված զինվորների ծնողների ներկայացուցիչըՖիզուլիում զոհված 20-ամյա Արթուր հայրը՝ Արմեն Ասրյանը քննիչի հետ հանդիպումներում մի քանի անգամ պատմել է, որ տեղանքի ուսումնասիրությունից, փրկված մյուս զինվորների և հրամանատարական կազմի հետ զրուցելուց հետո եզրահանգել են՝ հոկտեմբերի կեսերին Ֆիզուլիի շրջանում զոհեր և անհետ կորածներ չէին լինի, եթե վերադաս զինվորականների հրամանները հստակ լինեին։
«Սա միանշանակ արդարացի մեղադրականներ են, մենք շատ շուտվանից ենք այս ուղղությունով աշխատում, համագործակցում, պարբերաբար հանդիպումներ ունենում համապատասխան պաշտոնատար անձանց հետ, և նրանք շատ լավ գիտեին, որ մենք հետևողական ենք ու միայն ու միայն արդարադատություն ենք պահանջելու ու պայքարելու այդ արդարադատության համար, այստեղ որևէ անձնական խնդիր չկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ասրյանը:
Ըստ Քննչական կոմիտեի՝ հոկտեմբերի 12-ին Ֆիզուլիի մոտակայքում նկատվել է 100-ից ավելի զինծառայողներից բաղկացած խմբի տեղաշարժ կրակային դիրքի ուղղությամբ, նրանց շարքերում երևացել են նաև Հայաստանի Զինված ուժերի համազգեստ կրող անձինք: Կասկածելով, որ մոտեցողները հակառակորդի դիվերսիոն խումբ են, ռադիոկապով զեկուցել են այդ մասին։ Սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ մեղադրանքի, առանց համակողմանի ուսումնասիրության նշել է, որ տվյալ խմբավորումը յուրային է, ինչը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին: Այս ամենի հետևանքով զինվորները հայտնվել են հակառակորդի թիրախում՝ 20 զինծառայողներ են զոհվել, 7-ը՝ վիրավորվել, փոխգնդապետի գտնվելու վայրը մինչև հիմա անհայտ է։ Զորամասն անցել է Ադրբեջանի հսկողության տակ։
Հենց այս դրվագի մասին են որդեկորույս ծնողները պատմել իրավապահներին և պնդել, որ միայն հրետանային դիվիզիոնի պետ Գևորգ Գևորգյանը չէ, որ պետք է պատասխանատվության ենթարկվի։ Մեղքը չընդունող Գևորգյանի գործն արդեն դատարանում է։
Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մյուս դրվագը Ջաբրայիլի հատվածում Լելե Թեփե բարձունքը ետ գրավելու անհաջող փորձի մասին է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեղադրանք է առաջադրվել Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանին