Շվեդիայի ԱԳ նախարարը ողջունել է Բրյուսելի եռակողմ հանդիպումը

Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդե, արխիվ

Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է երկու օր առաջ Բրյուսելում կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը:

«Ողջունում եմ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 4-րդ հանդիպումը: Եվրոպական միության համար կարևոր է մասնակցությունը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու գործընթացին», - Թվիթերում գրել է Լինդեն։

Օգոստոսի 31-ի եռակողմ հանդիպման ժամանակ, համաձայն հայկական կողմի հաղորդագրության, քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում, առաջնորդների ձևաչափով հաջորդ հանդիպումն էլ՝ նոյեմբերին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են ԱԳՆ-ների մակարդակով շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ