Օդեսայի պատմական կենտրոնը կներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում

Քաղաքի հիմնադիր դուքս դե Ռիշելյեի հուշարձանը պաշտպանելու համար ծածկել են ավազի պարկերով, Օդեսա, մարտի 9, 2022թ.

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՄԱԿ-ի մշակույթի գործակալությունը հավանության է արժանացրել Ուկրաինայի դիմումը Օդեսայի պատմական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակ ներառելու մասին, հայտնում է Reuters գործակալությունը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Օդրի Ազուլեն երեկ Փարիզում հանդիպել է Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեկսանդր Տկաչենկոյի հետ, ինչից հետո հայտարարել է, որ Օդեսայի կարգավիճակի հարցը կքննարկվի հրատապ կարգով:

Ենթադրվում է, որ Օդեսային կտրվի վտանգի տակ գտնվող օբյեկտի կարգավիճակ:

Անցած շաբաթ ռուսական զինուժի հարվածներից հետո Օդեսայում փլուզվել էր Գեղարվեստական թանգարանի պատմական շենքի ապակե տանիքի մի մասը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ են Կիևի և Լվովի պատմական կենտրոնները: Գործակալությունը քննարկում է նրանց կարգավիճակը ևս վտանգված դարձնելու հարցը: