Տոնոյանը «փրկագին սահմանել» է որակում 24 միլիոն դրամ վճարելու դեպքում զինծառայության ժամկետը կրճատելու նախագիծը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ։

Հայրենիքին ծառայելուց ազատվելու համար «փրկագին» են սահմանում. Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը բանտից այսպես է որակել 24 միլիոն դրամ վճարելու դեպքում 2 տարվա փոխարեն 4,5 ամիս ծառայելու նախագիծը։

44-օրյա պատերազմից հետո «անպիտան հրթիռների» գործով կալանավորված նախկին նախարարը նաև հարց է բարձրացրել՝ արդյո՞ք կհրապարակվեն այն մարդկանց անունները, ովքեր կվճարեն «իրենց զավակներին առնվազն 1,5 տարվա զինված ուժերում ծառայության հետ կապված «զրկանքներից» ազատելու համար»:

Տոնոյանի պաշտոնավարման օրոք Պաշտպանության նախարարությունը դեռ 2019 թվականի նոյեմբերին բացասական եզրակացություն էր տվել իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նմանօրինակ մի նախագծի։

Այն ժամանակ փոխնախարար Գաբրիել Բալայանը հակասություն էր տեսել Սահմանադրության և իշխանական պատգամավորի հեղինակած նախագծի միջև։ Հայկ Սարգսյանը առաջարկել էր տասը մլն դրամ վճարել և բանակում ծառայել արագացված կարգով՝ ընդամենը 1 ամիս:

Գաբրիել Բալայան

«Զինվորական ծառայությունը ինչո՞վ ա պայմանավորված, ո՞րն ա հիմքը։ Դա Սահմանադրությունն է, որտեղ գրված է՝ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը։ Ճի՞շտ է։ Եթե վերցնում ենք Սահմանադրությունը, դա ոչ թե հայեցողական լիազորություն է, այլ դա պարտավորություն է, որն ուղղակիորեն գրված է Սահմանադրության մեջ», - նշել է Բալայանը։

Իշխանական պատգամավորներից շատերը պնդում են, թե դեռ չեն հասցրել ծանոթանալ արդեն շուրջ մեկ ամիս շրջանառության մեջ դրված նախագծին։ Պաշտպանության հանձնաժողովի անդամներից պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը «Ազատությանը» փոխանցեց , որ նախագծին ծանոթանալուց հետո միայն կմեկնաբանի հարցը։

Մինչ այդ, պատասխանելով ընդդիմադիրների քննադատությանը, թե այս նախագծով հարուստները կազատվեն զինծառայությունից, փոխարենը կծառայեն միայն աղքատ ընտանիքների երեխաները, Մելքոնյանը կարճ արձագանքեց. - «Քանի տարի առաջ եմ էդ նույն բանն ասել, որ պըտի նենց արվի, որ չստեղծենք էն պայմանները, որ հարուստները չծառայեն, էլի նորից ժողովուրդը ծառայի»։

Սեյրան Օհանյան

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նախագծի հետևանքները բանակի համար կործանարար է համարում։ Պաշտպանության նախարարի խոսքով, պատերազմում պարտությունից հետո բանակը պետք է գնար խստացումների ճանապարհով, մինչդեռ հակառակ քաղաքականությունն է ընտրվել. - «Կարծում եմ, որ միտումնավոր կատարվող քայլեր են, որովհետև, գիտեք չէ՞, պատերազմից հետո հակառակորդը ի՞նչ էր ասում՝ Հայաստանի Հանրապետությանն ինչո՞ւ են պետք զինված ուժեր։ Հիմա Արցախի ապառազմականացունից հետո, երբ շատ դժվար, աղետալի վիճակում ենք մենք դնում Արցախի ժողովրդին՝ թողնելով առանց անվտանգության երաշխավորի։ Սա քայլ է հայկական բանակը կազմաքանդելու ուղղությամբ»։

Նախագիծը մշակած Պաշտպանության նախարարությունը հիմնավորում է, որ այսպես կբարելավվեն պայմանագրայինների պայմանները, մասնավորապես, 24 միլիոն դրամով մեկ անձին զինծառայությունից ազատելը հնարավորություն կտա պայմանագրային մեկ զինծառայողի հինգ տարի ամսական վճարել 400 հազար դրամ։

Նախկին նախարար Օհանյան սակայն կարծում է, որ ռազմական գերատեսչությունում սխալ հաշվարկներ են արել. իրականում շատ քիչ քաղաքացիներ կարող են օգտվել այս հնարավորությունից, և այս նախագիծը գործնականում չի կարող արժանապատիվ պայմանագրային ծառայության համար ֆինանսական բավարար հիմք դառնալ. - «Ես չգիտեմ, զինվորական ծառայողները, գեներալները, Գլխավոր շտաբը ինչպես է համաձայնել գնալ նման քայլի, որովհետև, նախ առաջինը, չեմ կարծում թե այնպիսի քանակություն է լինելու ազատվողների, որ դրանց գումարների միջոցով մենք կարողանանք պայմանագրային ծառայությունը ընդլայնել։ Հաշվարկները ճիշտ չեն, որովհետև նախ շատ քիչ մարդիկ են ազատվելու, հարուստներն են միայն ազատվելու։ Փոխանակ կառավարությունը պայքարի, ասենք, կոռուպցիայի և այլ բացասական երևույթների դեմ, իրենք, կարելի է ասել, համահարթեցման են տանում»։

Պաշտպանության նախարարությունը նախագծի հրապարակումից հետո լրացուցիչ մեկնաբանություն չի տալիս։ Մեծ աղմուկ հանած նախագծի մասին դեռ չի խոսել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նախընտրական շրջանում պարբերաբար շեշտում էր Զինված ուժերում բարեփոխման և պրոֆեսիոնալ բանակի անցնելու հարցը։

Ընտրություններից ավելի քան մեկ արի անց էլ պաշտպանության նախարարությունը չի ներկայացրել Զինված ուժերի բարեփոխման հայեցակարգը, ինչի համար ընդդիմադիրները բազմիցս քննադատել են իշխանությանը։ Նախագիծը օրենք կդառնա ԱԺ-ում ընդունվելուց և նախագահի կողմից ստորագրվելուց հետո միայն։ Թե երբ է դա նախատեսվում, դեռ հայտնի չէ։