Այս տարի փոքր թոռանը բանակ ճանապարհել պատրաստվող տիկին Ալլայի առաջին արձագանքը «Ազատության» հարցին՝ «կկարողանա՞ք 24 միլիոն դրամ վճարել և ազատել երկու տարվա պարտադիր ծառայությունից», հետևյալն էր. - «Չէ, ի՞նչ ես ասում, աղջիկ ջան, նախ՝ երազումս կտեսնեի»:
«Մենք պետականորեն ազնիվ մարդիկ ենք, մեր չոր աշխատավարձով ենք ապրում ու իմ թոշակով, երկրորդը՝ եթե ունենայի էլ, չէի անի տենց բան: Որովհետև իմ թոռը ծառայել է բանակում՝ 44 օրվա պատերազմում, ես ուզում եմ մնացածն էլ ծառայեն», - շարունակեց տարեց կինը:
44-օրյա պատերազմում թոռանը կորցրած մի քաղաքացի էլ ընդհանրապես խոսել չցանկացավ, միայն մեկ հարց ուներ՝ այսինքն, եթե ինքը ունենար 24 միլիոն դրամ, իր թոռան փոխարեն մեկ ուրի՞շը կզոհվեր:
«Սեպտեմբերի 27-ին սկսավ, հոկտեմբերի 20-ին այ սենց գյուլլի տակ ընկավ, չեմ կարա խոսամ, շատ կներեք», - ասաց տղամարդը:
Երևանի փողոցներում փոքրիկ հարցախույզը ցույց տվեց, որ շատերն են պարտադիր զինվորական ծառայությանը այլընտրանք փնտրում, բայց ներկայացված նախագիծը, ասում են, իրենց համար չի գրվել՝ մոտ 60 հազար դոլարը միջին վիճակագրական հայաստանցու համար չափազանց մեծ գումար է.
«Միանշանակ կարծիք չունեմ դրա վերաբերյալ: Ես էդքան հնարավորություն չունեմ, ես չէի տա: Բնակարանը վաճառեմ՝ որտե՞ղ են ապրելու: Արդար չի ... »:
«Ֆինանսապես մի քիչ ապահովված մարդկանց մի քիչ ավելի հարմար է, ինձ թվում է, էս տարբերակը ... »:
«Դե Հայաստանի բնակիչը ի վիճակի չի լինի ... »:
«Որոնք սովորական ընտանիքներից են, աղքատ ընտանիքներից են, կգնան կծառայեն հարուստների փոխարեն ... »:
Երկու օր առաջ Պաշտպանության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նախագծով քաղաքացին կարող է վճարել 24 միլիոն դրամ և ազատվել զինվորական ծառայությունից՝ 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելուց հետո: Փոփոխության հիմնավորումն այն է, որ 24 միլիոն դրամով մեկ անձին զինծառայությունից ազատելը հնարավորություն կտա պայմանագրային մեկ զինծառայողի հինգ տարի ամսական վճարել 400 հազար դրամ:
Նախագծին դեմ են ոչ միայն խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները, այլ նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
«Նախագծով երկիրը վերածվում է արևելյան շուկայի, որտեղ ամեն ինչ վաճառվում է»
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն ասում է՝ փաստացի ծնողները ստիպված են պետությունից գնել իրենց երեխաների առողջության, կյանքի և կրթության իրավունքը:
«Մարդիկ պարտքեր են հսկայական կուտակել նաև դա անելու համար, և դա եղել է ոչ լեգալ, այժմ փորձ է արվում կարծես նույն պրակտիկան, ավելի լավ բան չեն մտածել՝ առավել հավասար, առավել մարդկանց ծուղակի մեջ չգցող հնարավորություններ չեն մտածել, և միակ այլընտրանքը դարձյալ հետ գնելն է կյանքի և առողջության իրավունքը պետությունից», - «Ազատության» հետ զրույցում նշեց Հովհաննիսյանը:
Սա ամենևին էլ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհ չէ, այն էլ՝ սողացող պատերազմի մեջ գտնվող երկրում, իշխանական հիմնավորումներին հակադարձում են քաղհասարակությունից:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանն ասում է՝ նախագծով երկիրը վերածվում է արևելյան շուկայի, որտեղ ամեն ինչ վաճառվում է:
«Ամենավերջինը՝ մենք ունենք մեկ այլ խնդիր, դա այն է, որ զինծառայությունը հաճախ ընկալվում է որպես պատիժ, որպես ինչ-որ շատ վատ բան և պատիժ, և, ըստ էության, պետությունը էս նախագծով ուղերձ է հղում, որ՝ «գիտե՞ք, հարգելի քաղաքացիներ, զինծառայությունը էնքան վատ բան է, որ դրանից ազատվելու համար երևանյան մի փոքր բնակարանի գին պիտի վճարես: Տպավորություն է, որ վաղը հնարավոր կլինի առնել, չգիտեմ, խմած մեքենա վարելու իրավունք, չգիտեմ, այլ օրենքներ խախտելու իրավունք, այլ պարտականություններից խուսափելու իրավունք, փողոցում աղբ թափելու իրավունք», - ընդգծեց Իոաննիսյանը:
Մեծ աղմուկ հանած այս նախագծի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունից առայժմ հավելյալ պարզաբանում չի հնչել: Ակտիվ մեկնաբանությունից դեռ խուսափում են իշխանության մյուս թևերը: Նախագիծը հիմա քննարկման փուլում է և օրենք կդառնա Ազգային ժողովում ընդունվելուց և նախագահի կողմից հետո նոր միայն: Թե երբ է դա նախատեսվում, հստակ չէ: