Ադրբեջանական բանակի ինժեներասակրավորական ստորաբաժանումները Բերձորի, Աղավնոյի ու Սուսի տարածքներում ականների ու չպայթած զինամթերքի որոնման և մաքրման աշխատանքներ են իրականացնում, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանի զինուժը երեք բնակավայրերում վերահսկողություն է սահմանել անցած շաբաթավերջից։ «Այսօր մենք՝ ադրբեջանցիներս, վերադարձանք Լաչին քաղաք, ադրբեջանական բանակը տեղակայվել է Լաչինում: Զաբուխ (Աղավնո) և Սուս գյուղերը հսկողության տակ են», - Թվիթերում գրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Բերձոր քաղաքը, Աղավնոն ու Սուսն Ադրբեջանին են անցել 44-օրյա պատերազմից հետո ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ Ադրբեջանական կողմը հայտարարում է երեք բնակավայրերը վերաբնակեցնելու ծրագրի մասին։
Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունն այսօր առավոտյան հայտարարեց, որ Արցախի և Հայաստանի միջև կապը օգոստոսի 31-ից հետո կիրականացվի նոր միջանցքով՝ հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, իսկ «քաղաքացիների անվտանգ տեղաշարժն այս ընթացքում կապահովեն ռուս խաղաղապահները»։ Միջանցքի մասին նախարարությունը խոստացավ առաջիկայում հստակ ու մանրամասն տեղեկություն տրամադրել։ Նաև հայտարարվել էր, որ մինչև օգոստոսի 31-ը ներառյալ կգործի Արցախը Հայաստանին կապող Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը։
Այսօր ավելի ուշ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ անցկացվեց, որտեղ որոշվեց, որ Հայաստանի հետ հաղորդակցությունը Բերդաձորի ենթաշրջանի տարածքով իրականացնել վաղվանից ժամը 20։00-ից։
Նիստին նշվել է, որ 2020թ.-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարության 6-րդ կետի համաձայն, նոր երթուղին պահպանելու է միջանցքային տրամաբանությունը: Երթուղին Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն ժամանակավորապես կապող մոտ 4,7 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աղավնոյից տեղահանվածների մի մասը դեռ տանիք է փնտրում