Մատչելիության հղումներ

Աղավնոյից տեղահանվածների մի մասը դեռ տանիք է փնտրում


Հայաստան- Արցախ երթուղին առայժմ անփոփոխ է: Արցախի ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են՝ միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհը երկկողմանի բաց է: Դատարկված Բերձորով հայկական մեքենաների երթևեկությունն ապահովում են ռուս խաղաղապահները։

«Բերձորի միջանցքն այս պահին երկկողմանի բաց է, դեպի Արցախի Հանրապետություն մուտք գործող և Արցախից դեպի Հայաստան ելքի անվտանգությունն ապահովում է ռուսական խաղաղապահ զորակազմը: Բերձորի միջանցքը կգործի այնքան ժամանակ, մինչև այլընտրանքային ճանապարհով թույլտվություն կլինի, որ արդեն անցնենք այդ ճանապարհով», - «Ազատությանն» ասաց Արցախի ներքին գործերի նախարարության մամլո խոսնակ Հունան Թադևոսյանը:

«Ենթադրվում է, որ սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում կտեղափոխվենք նոր ճանապարհ»,-այսօր Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը` հավելելով. «Այդ երթուղուվ երթևեկությունը կսկսվի այն բանից հետո, երբ ռուսական բոլոր բլոկ պոստերը կտեղափոխվեն այնտեղ, և ժամանակավոր 4.7 կիլոմետրանոց հատվածը պատրաստ կլինի, որի մի մասն արդեն ասֆալտապատ է և մոտ օրերս կավարտվի»:

Օգոստոսի 25-ն էր վերջնաժամկետը։ Ադրբեջանը պահանջել էր Լաչին, Աղավնո, Սուս համայնքները հանձնել, Հայաստան-Արցախ երթևեկությունը կազմակերպել նոր միջանցքով, որի շինարարությունն իրենք ավարտել էին, իսկ հայկական կողմը աշխատանքներն սկսեց Բաքվի պահանջի հրապարակման օրերին:

Նոր միջանցքը պատրաստ կլինի գարնանը, խոստանում են Հայաստանի իշխանություննները: Մինչև այդ Արցախի ու Ադրբեջանի շինարարները Աղավնո-Բերձորը շրջանցող շուրջ 5 կիլոմետրանոց ժամանակավոր ճանապարհն են բարեկարգում:

Բերձորի արդեն նախկին բնակիչ Աիդա Բալիկյանը այնտեղից երեկ ուշ երեկոյան է դուրս եկել, հենց ճանապարհի վրա` քաղաքի կենտրոնում խանութ ուներ. «Գիշերը ժամը 10-ին դուրս ենք եկել, հիմա Կոռնիձորում ենք: Որոշ բաներ հավաքեցինք` մեծ մասը, որոշ բաներ մնացին: Խանութս այլանդակեցինք, եկանք»:

Ասում է` երեկ մինչև երեկո ադրբեջանցիների չեն տեսել: Այսօր արդեն մի քանի աղբյուրներից «Ազատությունը» տեղեկացավ՝ ադրբեջանցիները Բերձորում են, Աղավնոյում են, քաղաքացիական հագուստով շրջում -զննում են արդեն իրենցը դարձած բնակավայրերը:

Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ են տարածել, որտեղ մի բեռնատար է՝ թափքում երկաթե բռունցք` վերջին պատերազմի իրենց խորհրդանիշը, որ տեղադրել էին նաև Քարվաճառում, հիմա էլ Լաչինում են պատրաստվում կանգնեցնել այդ բռունցքը:

Իսկ Բերձորից, Աղավնոյից տեղահանված հայերի մի մասը դեռ տանիք է փնտրում:

«Մնացել ենք շիվար, որ հիմա էլ նորից տուն ենք ման գալիս, որ տուն գտնենք, ապրենք», - նշում է Աիդա Ասատրյանը:

Տիկին Աիդան ամուսնու` Մյասնիկ Մաթևոսյանի հետ ամենավերջինն են դուրս եկել գյուղից. տուն չէին գտնում և մինչև հիմա էլ չեն գտել։ Տան գույքը, անասունները Սյունիքի տարբեր գյուղերում են, իրենք էլ գիշերում են անորոշ հասցեներում. «Որտեղ էլ գնում եմ, եսիմ ինչ թվեր են ասում, գիտեն, թե Ղարաբաղից եկած ենք, ինչ գիտեմ, ինչ գումարներ ունենք: Տների վարձերը 100-ից պակաս չեն ասում: Մարդու գան, ասե՞ն`տնիցդ դուրս եկի, գնա, որտեղ ուզում ես` ապրի, դա, չգիտեմ, ուղեղում տեղվորելը շատ դժվար է»:

Բնակարանի գնման հավաստագիր Արցախի իշխանությունը խոստացել, բայց դեռ չի տվել: Այդ սերտիֆիկատի հետ մեծ հույսեր չունեն. «Ասել են` տալու են, բայց երբ կտան` դա արդեն հարց է», - նշում է Աիդա Ասատրյանը` հավելելով` 23 տարի Աղավնոյում են ապրել, հիմա ոչ մի տեղ, հեշտ չէ, չգիտեն, թե որ ծայրից սկսեն այս մի նոր կյանքը. «Չգիտենք` ինչ ենք անելու, ստիպված մնացել ենք օդում»:

Ամուսինը տասը տարի Աղավնոյի գյուղապետն է եղել, 52 սիրուն առանձնատների բացումն ի՜նչ շուքով էր անում:

«Իմ ձեռքով լենտը կտրել, բաժանել եմ ժողովրդին: Էսօր ինձ համար շատ ցավալի», - պատմում է Մյասնիկ Մաթևոսյանը:

Այնտեղ են ծնվել իմ 4 երեխաները, նրանց երեխաները, դառնանում է Մյասնիկ Մաթևոսյանը։ Վերջին օրը Աղավնոյի վերջին ընտանիքում խորոված են արել, կերել, հեռացել։ Ամենածանրը, ըստ նրա` սա է. «Որ չեմ տեսնելու էդ, չեմ ապրելու էդ…»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG