Ռուսաստանը Ուկրաինային է մեղադրում ծայրահեղ ազգայնական Ալեքսանդր Դուգինի աղջկա սպանության համար։ Դաշնային անվտանգության ծառայությունը հայտարարել է՝ արդեն բացահայտել է հանցագործությունը, պնդելով, թե այն իրականացրել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները։
«Հանցագործությունը կատարել է Ուկրաինայի քաղաքացի, ով սեփական դստեր հետ Ռուսաստան է ժամանել հուլիսի 23-ին, և ահաբեկչությունից հետո հեռացել՝ Պսկովի մարզից դեպի Էստոնիա», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
30-ամյա Դարյա Դուգինան զոհվել էր անցած շաբաթ օրը, նրա մեքենան պայթեցվել էր Մերձմոսկովյան շրջանում։ Ավելի վաղ Կիևը հայտարարել էր, որ կատարվածի հետ կապ չունի։
«Մենք հանցագործ պետություն չենք, առավել ևս՝ ահաբեկչական՝ Ռուսաստանի Դաշնության նման», - հայտարարել էր Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։