Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր, նախագահ Վլադիմիր Պուտինի կոշտ ընդդիմախոս, Կիևում բնակվող Իլյա Պոնոմարևը երեկ երեկոյան հայտարարել է, թե քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի դստերը՝ Դարյա Դուգինային, սպանել են ռուս պարտիզանները։
«Եկել է ժամանակը հայտարարելու, թե ով է իրականացրել այդ ակցիան։ Այն, ինչպես և մի շարք այլ պարտիզանական ակցիաներ Ռուսաստանի տարածքում իրականացրել են Ազգային հանրապետական բանակի զինվորները», - ասել է Պոնոմարևը:
Պետդուման արդեն արձագանքել է նախկին պատգամավորի այս սկանդալային տեսագրությանը։ Իշխանական «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Օլեգ Մորոզովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ Պոնոմարևի հայտարարությունը, թե իբր լրագրող և հասարակական գործիչ Դարյա Դուգինայի սպանությանը մասնակցել են Ազգային հանրապետական բանակի դիվերսանտները, ավելի հստակ դարձրեց սպանության ուկրաինական հետքը։ «Այս հանցագործը բարոյական իրավունք չունի դիպչելու Դարյա Դուգինայի հիշատակին։ Այժմ այս հանցագործությունից ուկրաինական հոտն ավելի ցայտուն է դարձել», - պնդել է Մորոզովը:
Ուկրաինայի իշխանությունները, մինչդեռ, հերքում են Դարյա Դուգինայի սպանությանն իրենց մասնակցությունը:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը նախ ասել է, թե Ուկրաինան այս հանցագործակցության հետ կապ չունի, հետո էլ Դուգինայի մահը կապել է իշխանության համար ռուսական տարբեր խմբերի պայքարի հետ։
«Ես ընդգծում եմ՝ Ուկրաինան, իհարկե, այս ամենի հետ կապ չունի, քանի որ մենք հանցագործ պետություն չենք, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է, և առավել ևս՝ ահաբեկչական պետություն չենք», - հայտարարել է Պոդոլյակը։
Օգոստոսի 20-ի երեկոյան հայտնի դարձավ, որ մահացել է փիլիսոփա, «ռուսական աշխարհի» ամենահայտնի գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի դուստր Դարյա Դուգինան։ Դուգինան վարել է մեքենա, որը պայթել է մերձմոսկովյան մայրուղիներից մեկում:
Շաբաթ օրը Ալեքսանդր Դուգինը և նրա դուստր Դարյան մասնակցել են «Ավանդույթ» հայրենասիրական փառատոնին, մեքենան պայթել է այս միջոցառումից տուն վերադառնալիս։ Քննիչները հայտնել են, որ ջիփում պայթուցիկ էր տեղադրված: Ըստ որոշ տեղեկությունների՝ մեքենան պետք է նստեր նաև ինքը՝ Դուգինը։
Վերջին տարիներին Դարյա Դուգինան դարձել էր հոր ամենամոտ թիմակիցներից մեկը։ Միաժամանակ, նա ակտիվորեն ներկայանում էր որպես անկախ «քաղաքագետ» և հրապարակախոս ու Պլատոնովա կեղծանունով ելույթ էր ունենում կառավարամետ լրատվամիջոցներում՝ քննադատելով Արևմուտքին և ողջունելով ռուսական զորքերի մուտքն Ուկրաինա։
Ռուսաստանի քննչական կոմիտեն կարծում է, որ հանցագործությունը նախապես ծրագրված և պատվիրված էր։
Ռուսական համացանցը երկու օր է ակտիվորեն քննարկում է Դուգինայի սպանությունը, իսկ Կրեմլի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները պնդում են, թե անկասկած սպանության հետևում Կիևն է կանգնած, և որ իրականում թիրախը Դուգինայի հայրն էր։
Սակայն կան նաև այնպիսիք, ովքեր համարում են, որ ցանկացել են սպանել հենց Դուգինային, ում վերջին շրջանում շատերն էին անվանում ռուսական Մարի Լը Պեն։ Նույն ենթադրությունն արտահայտեց ընդդիմադիր աստվածաբան և հասարակական գործիչ Անդրեյ Կուրաևը՝ միաժամանակ ակնարկելով, առանց ակնհայտ հիմքերի, սպանությանը Ռուսաստանի իշխանությունների հնարավոր ներգրավվածությունը։
«Դարյան իր հոր գաղափարակիցն էր և ավելին՝ մտերիմ էր եվրոպական աջակողմյան կուսակցությունների կողմնակիցների հետ: Հատկապես՝ Մարին Լը Պենի «Ազգային ասոցիացիա» կուսակցության», - գրել է Կուրաևը՝ հավելելով, թե Դուգինն իր կաբալիզմով չէր կարող դառնալ ժողովրդական առաջնորդ. - «Բայց գեղեցկուհի Դարյան ակնհայտորեն նրա կողմից նախապատրաստվում էր որպես ռուսական Լը Պեն»։
Ինչ վերաբերում է անձամբ Ալեքսանդր Դուգինին, որոշ ռուս փորձագետների կարծիքով՝ Կրեմլի վրա նրա ազդեցության աստիճանը հաճախ չափազանցում են, հատկապես՝ արևմտյան լրագրողները։
Դուգինը հայտնի է նաև հայերի և Հայաստանի դեմ արտահայտություններով, Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ հրապարակավ աջակցում էր ադրբեջանական կողմին և պատերազմից հետո էլ համոզմունք էր հայտնել, որ Ալիևը Ղարաբաղում նման լայնածավալ պատերազմ չէր սկսի առանց Ռուսաստանի նախագահի համաձայնության։ Նրա դուստր Դարյան էլ համագործակցում էր ադրբեջանական լրատվամիջոցների, մասնավորապես՝ իշխանամետ haqqin.az-ի հետ։