Ռյաբկով. «ՌԴ-ն շարունակում է ԱՄՆ-ի հետ քննարկել Ուկրաինային առնչվող հարցերը»

ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, արխիվ, Մոսկվա:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն այսօր ասել է, որ Մոսկվան շարունակում է Վաշինգտոնի հետ քննարկել Ուկրաինային առնչվող հարցերը:

«Ես կարող եմ հաստատել, որ մակարդակը, որով մենք շարունակում ենք աշխատանքը, ներառում է Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին: Աշխատանքն իրականացվում է ոչ միայն մեր երկու երկրների դեսպանատների, այլև հեռախոսային շփումների միջոցով: Պահի լրջությունը ոչ ոք չի թերագնահատում»,- ասել է Ռյաբկովը «Ռոսիա-1» հեռուստակայանի եթերում:

Նրա խոսքով, ռուսական կողմը ներկայացնում է իրավիճակի գնահատականը և նախազգուշացումները և հույս ունի, որ «դրանք ոչ թե մի կողմ են դրվում, այլ դառնում են այս ծայրահեղ վտանգավոր պահի վերլուծության առիթ»:

«Մենք չենք ցանկանում, որ Միացյալ Նահանգները դառնա այս հակամարտության կողմ, բայց նրանց կողմից դեռ չենք տեսնում այս նախազգուշացումները խորապես և լրջորեն ըմբռնելու պատրաստակամություն»,- ասել է Ռյաբկովը:

Նրա փոխանցմամբ, Միացյալ Նահանգները հետզհետե ավելի է ներքաշվում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին և հակազդելով «հատուկ ռազմական օպերացիային», - ասել է հակամարտության կողմ դառնալու եզրին:

«Նրանք {ամերիկացիները} դա մերժում են, բայց փաստերը հակառակն են վկայում, ինչքան էլ ժխտեն, պնդեն, թե առնչություն չունեն զենքերի կիրառման հետ, գործնականում այդ ամենը հերքվում է կյանքի կողմից և հերքվում է նաև ուկրաինական կողմի հայտարարություններով, որոնց մասին մենք նույնպես տեղեկացրել ենք Վաշինգտոնին»,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: