Ադրբեջանական Հաքին.ազ -ի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը երեկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ եղել է Բերձոր և Աղավնո համայնքներում, զրուցել բնակիչների հետ։ Այսօր արդեն լրատվական կայքում Ֆաթուլաևը «Անդրանիկն ու դաշնակները պատրաստվում են Ադրբեջանի հետ վերջին մարտին» վերնագրով հոդված է հրապարակել ու մանրամասն պատմել իր այցի մասին։
Բերձորի բնակիչներին ադրբեջանցի լրագրողը նկարագրել է որպես «վատ հագնված մարդկանց», Աղավնոյի համայնքապետարանը, որ չակերտների մեջ է գրել, անվանել է «կեղտոտ ու փտած», որտեղ իր խոսքով` «խեղդող դաշնակացական մթնոլորտ է»։ Հոդվածն էլ եզրափակել է հետևյալ տողերով. «Մնացել են հաշված օրեր։ Շուտով Աղավնո կվերադառնանք առանց գնդապետ Զիմինի…»։
Զիմինը ռուս խաղաղապահ ուժերի գնդապետ է, ում Ֆաթուլաևը ներկայացրել է, որ Բերձոր ու Աղավնո է ցանկանում գնալ «երկու ժողովուրդների հաշտեցմանը նպաստելու համար»։
Աղավնոյի բնակիչները հակադարձում են՝ այդ նվաստացնող, հեգնող ու չարախնդող հոդվածով անհնար է նպաստել հաշտեցմանը։
Ֆաթուլաևի հոդվածի լուսանկարներում հայտնված Աղավնոյի բնակիչ Մարտիրոս Հակոբյանն ասում է` ադրբեջանցի լրագրողը ներկայացել է միջազգային լրատվամիջոցից և աղավաղել բնակիչների և համայնքապետի հետ զրույցը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. ՌԴ դեսպանորդ«Ասեց` ինձ ադրբեջանցիք ձերբակալել են, արցախցի, ղարաբաղցի, ասում է, ձեր համար ինձ բռնել են, Բաքվում ես ձեր համար նստել եմ` այդ կարգի զրույցներ, բայց իրա գնալուց հետո րոպեներ անց մենք իմացանք, որ ինքը ադրբեջանցի է: Բացի դրանից, ռուսական զինվորներն էլ խառնվել էին իրար, մեծ պահակակետ էին դրել այդտեղ, հսկողություն էին սահմանել: Մենք էլ մտածեցինք` երևի անգլիական, ամերիկական լրագրողներ են, եկել են: Ընդհանուր առմամբ ինքն անգլերեն էր խոսում` երևի շեղելու համար, որ մենք չիմանանք` ինքն ով է: Այսօր` այս վերջին պահին նրանք փոխանակ ինչ-որ մի բանով փորձեն օգտակար լինել, իրենք իրենց վերջին վատ քայլերն անում են», - ասաց Հակոբյանը:
Հոդվածը հրապարակելուց առաջ ադրբեջանցի լրագրողը Աղավնոյից լուսանկար և կարճ հաղորդագրություն էր տարածել Բերձոր կատարած այցի վերաբերյալ։
Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Հրայր Հակոբյանը, սակայն, 168.am -ի հետ զրույցում հերքել էր, թե ադրբեջանցի լրագրողը մտել է հայկական բնակավայրեր, այս մասին հրապարակումն էլ ապատեղեկատվություն որակել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աղավնոյի բնակիչներն ահազանգում են գույքի տեղափոխման դժվարության մասինԼաչինի միջանցքը՝ Բերձոր, Աղավնո, Սուս համայնքներով ադրբեջանական վերահսկողության տակ է անցնելու մեկ շաբաթից՝ մինչև օգոստոսի 25 -ը։ Արցախի իշխանությունները այս մասին բնակիչներին տեղեկացրին շաբաթներ առաջ, երբ իրադրությունն Արցախում կրկին սրվեց։ Ստեփանակերտը հայտարարեց, թե Բաքուն ռուս խաղաղապահների միջոցով պահանջել է Հայաստանի հետ կապը նոր ճանապարհով կազմակերպել, որի հայաստանյան հատվածը դեռ կառուցված չէ։ Այս ընթացքում ռուս խաղաղապահներն արգելել են հայկական լրատվամիջոցների մուտքը այս համայնքներ։ «Ազատության» նկարահանող խմբին ևս չի հաջողվել մուտք գործել Աղավնո։ Խաղաղապահ զորախումբը որևէ բացատրություն չի տալիս, թե ինչ սկզբունքով է որոշում` որ լրատվամիջոցի մուտքը թույլատրել, որին` արգելել։
Your browser doesn’t support HTML5