«Սուրմալու»-ի պայթյունի թունավոր հետևանքները դեռ օդում են։ Աղետից 4 օր անց օդի աղտոտիչները՝ ծծմբի, ազոտի երկօքսիդներ, փոշի, քամին հասցրել է մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջան:
«Շենգավիթը այս պարագայում սա է, և արդեն տենդենցը այն է, որ նվազում է բավականին, Կենտրոն համայնքն է բավականին աղտոտված», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մթնոլորտային օդի որակի մոնիտորինգի ծառայության մասնագետ Թագուշ Էրանոսյանը:
Ծառայությունում ամեն օր չափում են օդում աղտոտիչների պարունակությունը: Թագուշ Էրանոսյանը ազոտի երկօքսիդ թունավոր քիմիական միացության կոնցենտրացիան է որոշում, երեկվա տվյալով ամենաբարձրը, որ այդ սրվակներում ամենամուգ մանուշակագույնն է, Կենտրոն համայնքում է՝ նորման գերազանցում է 1.8 անգամ: Այս պահին կենտրոնում նաև ծծմբի երկօքսիդի պարունակությունն է բարձր:
Մթնոլորտային օդի որակի մոնիտորինգի ծառայության մասնագետ Կարինե Ներսիսյանը նշեց. - «Այստեղ մեթոդը մի քիչ այլ կերպ է՝ ինչքան բաց լինի գույնը, այնքան ավելի կոնցենտրացիան բարձր կլինի»:
Փոշին, որ երևանյան օդի մշտական բաղադրությունն է դարձել, պայթյունից հետո ավելացել է՝ դարձյալ Կենտրոն համայնքն է թունավոր ցանկի առաջատարը:
«Օդում փոշու բաղադրությունը գերազանցված է՝ մոտավորապես 2.4 կամ 1.1 անգամ՝ կախված դիտակետերից», - ասաց ծառայության մասնագետ Վարդուհի Պողոսյանը:
Ի՞նչ պատկեր էր պայթյունի օրը. «Սուրմալու»-ի մոտակա տարածքում արձանագրվել է թունավոր իրավիճակ, օրինակ՝ առաջին և երկրորդ օրերին ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելին մոտ 5 անգամ, հաջորդող օրերին արդեն աղտոտիչների խտությունը սկսել է նվազել: Ծառայությունը լրացուցիչ նմուշառող սարքեր է տեղադրել հենց պայթյունի տարածքում:
Մթնոլորտային օդի որակի մոնիտորինգի ծառայության պետ Գոհար Հակոբյանը փոխանցեց. - «Ունենք, ուրեմն՝ 5 մետր հեռավորության վրա ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2.3 անգամ, իսկ ազոտի երկօքսիդինը՝ 2.6 անգամ: Իսկ 10 մետր հեռավորության վրա ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի արժեքը 1.5 անգամ, և ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 3.3 անգամ»:
Ի՞նչ պատկեր է հիմա այդ վայրում՝ նմուշառող սարքերի տվյալները ծառայությունում կվերլուծեն վաղը, ամեն դեպքում՝ Շենգավիթ համայնքն այժմ ավելի բարվոք օդ ունի, քան Կենտրոնը:
«Ուղղակի քանի որ աղտոտիչներն ունեն օդում մնալու և տարածվելու հատկություն, բնականաբար, մի քանի օր գերազանցումներ դեռ կտեսնենք», - ընդգծեց Գոհար Հակոբյանը:
Օդում խտացած թունավոր այս նյութերը ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի թոքաբան Նունե Ազիզյանը շարում է հիվանդությունների ու ախտանշանների մի երկար ցանկ. - «Հիմնականում մեծ ազդեցություն են ունենում ալերգիկների վրա, սովորաբար դա լինում են ալերգիկ ռինիտով հիվանդները, բրոնխիալ խնդիրներով հիվանդները, ինչպիսիք են բրոնխիալ ասթման, օբստրուկտիվ բրոնխիտը, թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություններ ունեցող պացիենտները, այսինքն՝ քրոնիկական պացիենտները, քրոնիկական հիվանդները: Նաև սիրտ-անոթային համակարգի խնդիրներ ունեցող անձանց վրա այն կարող է ազդել, մաշկային հիվանդություններ ունեցող անձանց վրա»:
Այս օրերին, քանի դեռ պայթյունի հետևանքներն օդում են, թոքաբան Ազիզյանը ծնողներին հորդորում է երեխաներին քիչ թողնել բակերում, տան պատուհանը փակ պահել և ներսում էլ խոնավություն ապահովել։
Ժամանակի հարց է՝ երևանյան օդն աստիճանաբար կազատվի ազոտի, ծծմբի երկօքսիդների վտանգավոր քանակներից, բայց փոշին, ըստ մասնագետների, ոչ մի տեղ էլ չի անէանա։ Մայրաքաղաքում գրեթե ամեն օր փոշու խտությունը գերազանցում է նորման մինչև 3 անգամ։
Your browser doesn’t support HTML5