Բրյուսելի և Բաքվի միջև կնքված գազային պայմանագիրը ԵՄ հերթական սխալն է, որից շահելու է նաև ՌԴ-ն․ Politico

Եվրամիության ու Ադրբեջանի միջև կնքված գազային պայմանագիրը հակասում է դաշինքի բնապահպանական նպատակներին ու մարդու իրավունքերի չափանիշներին, Politico հանդեսում գրել է իրավապաշտպանությամբ զբաղվող Bankwatch ցանցի փորձագետ Գլիգոր Ռադեչիցը:

Բնապահպան ակտիվիստը պնդում է՝ Բրյուսելի ու Բաքվի միջև անցած ամիս ստորագրված գազային հուշագիրը Եվրամիության հերթական սխալն է, որից շահելու է նաև Ռուսաստանը:

Բաքվի հետ փաստաթուղթը ստորագրվել էր անցած ամիս, երբ ռուսական գազից հրաժարվելու առաքելությամբ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մեկնել էր Ադրբեջան: Ըստ այդ գործարքի՝ Բաքուն առաջիկա հինգ տարիներին պետք է կրկնապատկի Եվրոպային մատակարարվող գազի ծավալը՝ հասցնելով այն տարեկան առնվազն քսան միլիարդ խորանարդ մետրի:

Իրավապաշտպանները քննադատել էին Բրյուսելին՝ հիշեցնելով Ալիևի վարչակազմի բռնությունները ընդդիմադիրների ու լրագրողների դեմ:

Politico-ի հոդվածագիրը նշում է՝ շատ ավելի քիչ է խոսվել այն մասին, որ Կասպից ծովից Եվրոպա գազ հացնելու համար անրաժեշտ ենթակառուցվածքները պատկանում են նաև ռուսական «Լուկօյլ» ընկերությանը, որը սերտ կապեր ունի Պուտինի վարչակազմի հետ։

Ռուսական ընկերությունը Ուկրաինայի դեմ սկսված պատերազմից մի քանի օր առաջ 1.45 միլիարդ դոլարով ձեռք բերեց Շահ Դենիզի ևս տասը տոկոս բաժնետոմս՝ իր մասնաբաժինը հասցնելով 20 տոկոսի և դառնալով երկրորդ ամենախոշոր բաժնետերը բրիտանական British Petroleum-ից հետո:

Բացի Շահ Դենիզից, «Լուկօյլը» փորձում է Ադրբեջանում նաև այլ ոլորտներում ընդարձակվել: Անցած տարի, օրինակ, ռուսական ընկերությունը British Petroleum-ից գնել է Ապշերոնի թերակղզու մերձակայքում նավթ և գազ որոնելու համար ստեղծված ընկերության 25 տոկոսը, գրում է Politico-ի սյունակագիրը:

«Լուկօյլը» նաև Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի բաժնետերերից է, ևս 16 տոկոսը բաժնեմաս էլ ունի ադրբեջանական գազամատակարարման ընկերությունում՝ ադրբեջանական SOCAR-ի, British Petroleum-ի ու թուրքական Petrolleri-ի հետ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, 18-ը հուլիսի, 2022թ.

Այս ֆոնին հոդվածագիրը հիշեցնում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը, թե Ադրբեջանը «կարևոր» և «հուսալի» մատակարար է, շեշտելով՝ Ադրբեջանի գազային ոլորտի առանցքային հատվածներում ռուսական ներգրավվածությունը կասկածի տակ է դնում էներգետիկ անվտանգության որևէ պնդում:

«Լուկօյլը» Ռուսաստանում խոշոր հարկատու է, որը կարող է օգտագործել Ադրբեջանից ստացված շահույթը պուտինյան պատերազմական մեքենան ֆինանսավորելու համար: Բացի այդ, ըստ հոդվածի հեղինակի, մասնակցելով ադրբեջանական բազմաթիվ նախագծերի, ռուսական ընկերությունը կարող է նաև այնպիսի տեղեկություններ ստանալ, որոնք կարող են ծառայեցվել Կրեմլի շահերին:

«Վաղուց ժամանակն է, որ հանձնաժողովը դասեր քաղի էներգետիկ անվտանգության իր նախկին սխալներից և գործարքների չգնա բռնապետական վարչակազմերի հետ», - եզրակացնում է բնապահպան ակտիվիստը Politico-ում հրապարակած հոդվածում:

Բրյուսելի ու Բաքվի միջև կնքված գործարքը քննադատել էին նաև մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ։

«Ադրբեջանը օգտագործում է իր նավթն ու գազը՝ լռեցնելու Եվրամիության քննադատությունը մարդու իրավունքների հիմնարար հարցերում»,- հայտարարել էր Human Rights Watch միջազգային կազմակերպության Եվրոպայի գծով գործադիր տնօրեն Ֆիլիպ Դամը։

Պաշտոնական Բրյուսելն այս քննադատություններին դեռ չի արձագանքել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քննադատում են ԵՄ-Ադրբեջան գազային համաձայնությունները