«Սուրմալու» առևտրի կենտրոնում առավոտից շարունակված որոնումները դեռ որևէ արդյունք չենք տվել, 2 անձ շարունակում է մնալ անհետ կորած:
Տարածքը շատ մեծ է, 4մ բարձրությամբ փլատակներ կան, բացատրեց Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը:
«Այս պահին ամբողջ ռեսուրսը, ինչքան հնարավոր է, որ այդտեղ աշխատի, կենտրոնացված է՝ փլատակների տակ մնացած վերջին քաղաքացուն գտնելու ուղղությամբ», - ասաց Գրիգորյանը:
Ըստ նախարարության, շինության հարակից տարածքն արդեն ամբողջությամբ մաքրված է, փրկարարները հիմա հենց պայթյունի հատվածում են աշխատում:
Հայաստանում այսօր և վաղը սուգ է հայտարարված, առավոտից տասնյակ մարդիկ ծաղիկներ են բերում առևտրի կենտրոնից քիչ հեռու, որտեղ օրերս տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել։ Զոհերից մեկի անձը դեռ չի նույնականացվել, մի քանի օր է պետք՝ ինքնությունը պարզելու համար:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ենթադրում է՝ այդ քաղաքացին հենց անհետ կորածներից մեկն է:
«Եթե երկու անհետ կորածներից մեկը չնույնականացված քաղաքացին է, հետևաբար, ունենք մեկ անհետ կորած քաղաքացի», - նշեց Գրիգորյանը:
Ողբերգական պատահարից ընդհանուր 62 քաղաքացի էր տուժել։ 4-ը դեռ շարունակում են բուժումը տարբեր հիվանդանոցներում, մնացածն արդեն դուրս են գրվել:
Դեպքից երեք օր հետո՝ այսօր առաջին անգամ կատարվածին նաև տարածքի սեփականատերն ա արձագանքել: «Ցավով պետք է ընդունենք, որ իսկապես ողբերգություն է տեղի ունեցել», - հայտարարել է առևտրային կենտրոնի ղեկավարությունը՝ չհստակեցնելով՝ ինչը կարող էր նման պատահարի պատճառ դառնալ: