Որոնողական աշխատանքներն ամբողջ գիշեր շարունակվել են, դեռևս երկու քաղաքացի համարվում է անհետ կորած, «Ազատությանը» փոխանցեց արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը։
Փոխնախարարը նշեց, որ զոհերի մեջ չնույնականացված անձ կա, ենթադրություններ ունեն, որ անհետ կորած քաղաքացիներից մեկն է։
«Ըստ էության, մենք ունենք երկու անհետ կորած, սակայն 16 զոհված քաղաքացիներից մեկի անձը դեռ չի նույնականացվել, մենք ենթադրում ենք, որ 16-րդ անձը, որ դեռ չի նույնականացվել, երկու անհետ կորածներից մեկն է, եթե դա այդպես է, հետևաբար մենք կունենանք մեկ անհետ կորած քաղաքացի», - ասաց Գրիգորյանը։
Մոտավոր պատկերացում ունեն, թե որտեղ կարող էր գտնվել կորածներից մեկը պայթյունի և հրդեհի ժամանակ, ասաց փոխնախարարը՝ նշելով անմիջականորեն եռահարկ՝ գրեթե ամբողջությամբ այրված, բայց դեռևս կանգուն շինությանը շատ մոտ հատվածը։
«Բավականին բարդ է այդտեղ աշխատանք իրականացնելը, որովհետև շինությունը կարող է ցանկացած պահի փլվել, այսօր կինոլոգների խումբն աշխատանքներ է իրականացնելու որպեսզի որոշում կայացնենք, թե ինչպես ենք դա քանդելու և կատարելու որոնողական աշխատանքներ», - ասաց Գրիգորյանը՝ շարունակելով․ - «Ամենհիմնական խնդիրը վերջին կորածին գտնելն է, չենք կարողանում տեխնիկա աշխատեցնել, որովհետև անմիջականորեն վտանգ է սպառնալու մեր փրկարարների կյանքին, բայց դա չի նշանակում, որ մենք գործողություններ չենք անելու, հիմա տարբեր սցենարներ ենք քննարկում, թե ինչպես ենք դա իրականացնելու, մենք մոտակա ժամերի ընթացքում որոշում կունենանք աշխատանքների իրականացման վերաբերյալ»։