«Սուրմալու»-ի հրդեհն ամբողջությամբ մարված չէ, բայց կառավարելի է. փլուզման վտանգը մնում է. ԱԻ նախարար

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի հրդեհը դեռևս ամբողջությամբ մարված չէ, սակայն կառավարելի է, «Ազատության» հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:

«Նույնիսկ մեկուսացում «չենք տվել», քանի որ անընդհատ շարունակվում են փոքր պայթյունները, բայց կատարվում են հովացման և հրդեհաշիջման աշխատանքներ, որպեսզի կարողանանք կառավարել: Կարելի է ասել` հրդեհը ներկա պահին կառավարելի է», - նշեց նա:

Արմեն Փամբուխչյանն ավելացրեց, որ արդեն մի քանի ժամ է` որոնողափրկարարական աշխատանքներ են կատարվում. «Ենթադրում ենք, որ կլինեն քաղաքացիներ, մի փոքր զգուշությամբ ենք մոտենում աշխատանքներին, որպեսզի ենթադրաբար չվնասենք ներքևում գտնվող` փլատակների տակ հայտնված քաղաքացիներին»:

Մոտ երկուսուկես ժամ առաջ երկու կին է տարհանվել փլատակների տակից, նրանց վիճակը, ըստ նախարարի, ծանր է եղել:

Նախարարն ասաց նաև, որ դեռևս փլուզման վտանգ կա, որովհետև շենքի «սյուներն ամբողջությամբ դեֆորմացվել են»:

Պայթյունի պատճառների մասին նա չխոսեց` նշելով, որ պետք է կատարվի պատշաճ քննություն:

Այսօր կեսօրն անց ԱԻՆ-ը հայտնեց, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է որոտացել` հրդեհի բռնկմամբ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ: Այս պահի դրությամբ հայտնի է մեկ զոհի և 51 տուժածի մասին: