Մատչելիության հղումներ

Պայթյունի հետևանքով մահացածը 45-50 տարեկան տղամարդ է. «Էրեբունի» ԲԿ ներկայացուցիչ


«Էրեբունի» բժշկական կենտրոն մինչ այս պահը դիմել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից տուժած 13 անձ, որից մեկը եղել է 45-50 տարեկան տղամարդ, նա բերվել է մահացած, «Ազատությանը» հայտնեց «Էրեբունի» ԲԿ-ի ընդունարանի վարիչ Արմինե Սանամյանը:

Նա շեշտեց` բոլորին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները. «Բոլորը գտնվում են ստացիոնար բուժման մեջ, վիճակները գնահատվում է բավարար, մի քանի պացիենտի վիճակ գնահատվում է միջին ծանրության: Ունեն տարբեր տեսակի վնասվածքներ` ողնաշարի, վերջույթների, գլխի»:

Այսօր կեսօրն անց ԱԻՆ-ը հայտնեց, որ առևտրի կենտրոնում պայթյուն է որոտացել` հրդեհի բռնկմամբ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ:

Կա մեկ զոհ և երեսունչորս տուժած։

Պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր» և «Էրեբունի» ԲԿ-ներ։

Շուրջ մեկ տարի առաջ էլ այս նույն շուկայում` կենտրոնական մասնաշենքում, հրդեհ էր բռնկվել: Այն ժամանակ այրվել էին խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով: Տոնավաճառի տաղավարներից մեկն էլ այրվել էր 2013-ին:

XS
SM
MD
LG