Բաքուն պատրաստվում է ադրբեջանցիներով վերաբնակեցնել Ադրբեջանին հանձնվող Լաչինը, Աղավնոն և Սուսը, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա հավելել է, որ արդեն կարգադրել է տեղահանվածների հարցերով զբաղվող պետական կոմիտեին կապվել այդ շրջանների երբեմնի բնակիչների հետ:
«Մենք վերադառնալու ենք այդ բնակավայրեր»,- հայտարարել է նա:
Սահմանային վերջին սրացման ընթացքում՝ անցած շաբաթ, Ստեփանակերտը տեղեկացրեց, որ Ադրբեջանը պահանջել է Արցախ-Հայաստան կապը նոր երթուղիով կազմակերպել, ինչը նշանակում էր, որ այժմ գործող Լաչինի միջանցքն իր բնակավայրերով հանդերձ անցնում է Ադրբեջանի վերահսկողությանը։ Արցախի իշխանությունները հաջորդիվ տեղի բնակիչներին հայտնեցին, որ մինչև օգոստոսի 25-ը ժամանակ ունեն իրենց տներից հեռանալու համար։
Ալիևը պնդել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Ղարաբաղի հարց չկա
Ադրբեջանի առաջնորդը նաև ասել է, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում Ղարաբաղի հարց չկա:
«Այդ հարցը օրակարգ բերելու փորձեր եղել են, բայց ես երբեք համաձայն չեմ եղել: Հայաստանը ի՞նչ կապ ունի, դա մեր ներքին գործն է»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Ալիևը նշել է, որ այսօր բանակցություններում Ղարաբաղի կարգավիճակի հարց չկա, քննարկման առարկա են միայն այնտեղ ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը, որոնք, նրա պնդմամբ, Ադրբեջանն ապահովելու է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման. Տոյվո Կլաար«Ղարաբաղի հայերը պետք է ճիշտ քայլ անեն և գիտակցեն, որ իրենց ապագան միայն ադրբեջանական հասարակության մեջ ինտեգրումն է: Ղարաբաղի հայերը ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ էլ որևէ առավելություններ են ունենալու: Նրանք Ադրբեջանի իրավահավասար քաղաքացիներ են»,- հայտարարել է Ալիևը:
Նա նաև ասել է, որ պատերազմի ավարտից հետո խաղաղության բանակցություններ սկսելու առաջարկով են հանդես եկել, բայց Երևանից դրական պատասխան դեռ չեն ստացել հուսով են, որ կստանան: Ալիևի խոսքով` հայկական կողմը նաև դեմ էր սահմանազատման հանձնաժողովի ստեղծմանը, սակայն արդյունքում համաձայնեց: Նույն կերպ դեմ էին նաև «Զանգեզուրի միջանցքին», նշել է նա:
«Առաջիկա շաբաթներին մենք սպասում ենք, որ նրանք կներկայացնեն Զանգեզուրի միջանցքի երթուղին: Ղարաբաղում ապրող հայերը նույնպես կտեսնեն, որ Ադրբեջանից կարող են միայն օգուտ քաղել»,- պնդել է Ալիևը:
Այս հայտարարություններն Ադրբեջանի ղեկավարն արել է Իսմայիլի շրջանի Բաշգալ ավան այցի ժամանակ։ Զրուցելով ադրբեջանական հեռուստաընկերության հետ` նա նաև խոսել է անցած շաբաթվա սահմանային լարվածության մասին։ Ալիևը վերսին հայկական կողմին է մեղադրել սադրանքի դիմելու համար և զգուշացրել՝ «կրակի հետ չխաղալ»: Ալիևը ռազմաշունչ հայտարարություններ է արել` պնդելով, թե վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ադրբեջանին ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել:
Միևնույն ժամանակ ասել է, թե նոր պատերազմ սկսելու մտադրություն չունեն, քանի որ հասել են իրենց նպատակին: Սակայն նա կրկնել է Բաքվի պահանջը՝ հայկական զինված ուժերը պետք է մեկընդմիշտ հեռանան Ղարաբաղից: Նրա խոսքով` Հայաստանն այդ պարտավորությունը ստանձնել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: