Թուրքական «Միլիյեթ»-ը, վկայակոչելով թուրք դիվանագետի, գրում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման երկու կողմերի բանագնացների հաջորդ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա կա՛մ Թուրքիայի, կա՛մ Հայաստանի տարածքում։
«Անկարան առաջարկել է բանագնացների հինգերորդ հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երևանում, կամ սահմանամերձ որևէ քաղաքում, օրինակ` Կարսում»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը` նշելով, որ հանդիպումը պլանավորվում է գալիք սեպտեմբերին։
Ըստ թուրք դիվանագետի՝ Անկարայում գտնում են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժը ազդեցություն կունենա նաև տարածաշրջանի մյուս գործընթացների վրա։
«Թուրքիայի նպատակը ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումն է, կամ Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների նորմալացումը, Անկարան հանդես է գալիս տարածաշրջանում ամուր խաղաղություն և կայունություն հաստատելու օգտին»,- ասել է թուրք դիվանագետը, նշելով, որ դրան կարող է նպաստել Հայաստանի հետ առևտրի զարգացումը։
Նրա բերած տվյալներով՝ ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև առևտի ծավալները տարեկան կազմում են մոտավորապես 230 միլիոն դոլար, որը իրականացվում է Վրաստանի տարածքով շուրջ 15 հազար բեռնատարներով կատարվող բեռնափոխադրումների միջոցով։ «Առևտրային ուղիղ կապերի հաստատումը կարող է էականորեն ավելացնել ապրանքաշրջանառությունը»,- նշել է նա։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում կողմերի նշանակած հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը մինչ հիմա չորս հանդիպում են ունեցել՝ առաջինը Մոսկվայում, մյուսները` Վիեննայում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ ԱԳՆ-ն չի հաստատում թուրք դիվանագետի պնդումը, թե Ռուբինյան-Քըլըչ հաջորդ հանդիպումը նախատեսվում է սեպտեմբերին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քըլըչի այցը հայ-թուրքական սահման, ըստ Փայլանի, ցույց է տալիս, որ թուրքական կողմը պատրաստվում է այն բացել