Պաշտոնական Բաքուն դարձյալ Երևանին է մեղադրել եռակողմ հայտարարության դրույթները իրագործելու հարցում ժամանակ ձգելու և ապակառուցողական մոտեցումներ ցուցաբերելու համար։ Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ալժիրցի գործընկերոջ հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է տարածաշրջանային գործընթացներին:
«Ես տեղեկացրել եմ գործընկերոջս եռակողմ հայտարարության կյանքի կոչման հարցում Հայաստանի կողմից ցուցաբերվող որոշ ապակառուցողական մոտեցումների մասին։ Ադրբեջանը հարևան երկրների հետ բնականոն հարաբերություններ ձևավորելու կողմնակից է։ Հարաբերությունների կարգավորման հարցում միակ ճիշտ ճանապարհը միմյանց սահմանների փոխադարձ անձեռնմխելիության սկզբունքի նկատմամաբ հարգանքն է, և մենք այդ սկզբունքով ենք առաջ շարժվում», - նշել է Բայրամովը։
Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը նաև խոսել է 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման, ականազերծման, բնակավայրերի վերակառուցման ու վերաբնակեցման մասին: Նա հայտնել է, որ անցած ամիս արդեն սկսվել է մարդկանց վերադարձի գործընթացը՝ նկատի ունենալով Զանգելանի շրջանի Աղալը ավանի վերաբնակեցումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի իշխանությունները ծրագրում են առաջիկա ամիսներին սկսել Զանգելանի վերաբնակեցումըԵրեկ էլ Բայրամովը թուրք լրագրողների հետ զրույցում էր ասել, որ Հայաստանը տարբեր պատճառներով ժամանակ է ձգում և չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները: Ադրբեջանի արտգործնախարարը, մասնավորապես, խոսել էր Ղարաբաղից հայկական զինված ուժերի դուրսբերման և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին:
«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն խաղաղապահ ուժերի Ղարաբաղ մտնելուց հետո հայկական զինված ուժերը պետք է դուրս գային այնտեղից, սակայն դա դեռ տեղի չի ունեցել: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը լիովին պետք է ապահովվի, և մենք թույլ չենք տա մեր տարածքում հայկական անօրինական որևէ զինված տարրի ներկայություն: Մենք շարունակում ենք կրկնել մեր այս պահանջը, որի մասին բազմիցս բարձրաձայնել ենք: Կարծում եմ՝ հայկական կողմը պետք է լուրջ մոտենա սրան», - նշել է նա:
Թուրքիայի նախագահը կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանին
Տարածաշրջանային գործընթացները եղել են նաև Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների՝ երեկ կայացած հանդիպման օրակարգում: Իսլամական խաղերի առիթով Քոնիա այցելած Իլհամ Ալիևին երեկ երեկոյան ընդունել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Արցախում սահմանային վերջին սրացման ֆոնին Թուրքիայի նախագահը կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանին։
«Զրույցի ընթացքում ընդգծվել է բոլոր ոլորտներում երկու երկրների միջև բարեկամական, եղբայրական և դաշնակցային կապերի հաջող զարգացումը։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հետպատերազմյան շրջանի վերաբերյալ, քննարկվել են նաև տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և ռազմական ոլորտներում համագործակցության հարցեր», - հանդիպումից հետո հայտնել է Ադրբեջանի նախագահի գրասենյակը։