ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին վավերացնող փաստաթղթերը։
Ստորագրման արարողությունը հեռարձակվել է Սպիտակ տան կայքում։
«Այս քայլն ավելի ապահով կդարձնի Եվրոպան և ամբողջ աշխարհը»,- ասել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ Սենատն անցած շաբաթ էր վավերացրել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին։
Ամիսներ տևած բանակցություններից հետո Ֆինլանդիան ու Շվեդիան հուլիսի 5-ին վերջապես ստորագրեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունները: Արարողությունը տեղի ունեցավ Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում երկու երկրների արտգործնախարարների և դաշինքի անդամ 30 երկրների դեսպանների մասնակցությամբ։ Այժմ ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրների խորհրդարանները պետք է վավերացնեն նրանց անդամակությունը։ Այս գործընթացը կարող է մինչև մեկ տարի տևել։ Եվ միայն դրանից հետո Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ կհամարվեն, և նրանց դրոշները կբարձրացվեն դաշինքի կենտրոնակայանի առջև։
Ռազմական դաշինքին միանալու համաձայնության դիմաց Անկարան մի շարք պահանջներ է ներկայացրել երկու երկրներին՝ շեշտելով՝ թուրքական մեջլիսում նրանց անդամակցությունը կվավերացվի միայն Անկարայի պահանջների լիարժեք կատարման դեպքում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելում ստորագրվել են Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունները