ԱՄՆ Սենատը վավերացրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին։ 100 սենատորներից 95-ը կողմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին այս երկրների անդամակցությանը, մեկը դեմ է քվեարկել։
Սենատի հաստատումը ստանալու համար պահանջվում էր նվազագույնը 67 ձայն:
Հուլիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մասին արձանագրություններն ուղարկել էր ԱՄՆ Սենատի հաստատմանը։
Ամերիկյան օրենսդրության համաձայն, վավերացման ընթացակարգն իրականացնում է երկրի նախագահը, իսկ Սենատը տալիս է դրա համաձայնությունը։
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վերաբերյալ փաստաթղթերն արդեն վավերացվել են դաշինքի անդամ 30 երկրներից 23-ի խորհրդարանների կողմից։
Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել մայիսի 18-ին։ Դիմումների քննարկումն արգելափակել էր Թուրքիան, սակայն ավելի ուշ՝ հանել առարկությունները։
Հունիսի 29-ին ՆԱՏՕ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել այդ երկրներին դաշինք հրավիրել։